Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Գյումրին անմասն չմնաց Սպենդիարյանին նվիրված հոբելյանական միջոցառումներից

Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանական միջոցառումների շարքում, որ կազմակերպել էր կոմպոզիտորի տուն-թանգարանը, անմասն չմնաց նաև Գյումրին:

Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի կամ ժողովրդական լեզվով ասած՝ Ձիթողցոնց տան բակում կայացավ բացօթյա համերգ:

Ինչու Գյումրիում որոշեցիք անցկացնել փառատոնը հարցին՝ Տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը պատասխանեց, որ ընդհանրապես նախատեսված էր փառատոն անցկացնել «Սպենդիարյանը Հայաստանում» խորագրով բոլոր մարզերում և Սպենդիարյանի երաժշտությունը պետք է «շրջեր» Հայաստանով: Բայց քանի որ ծանր ժամանակաշրջան է, նաև ֆինանասական առումով, կարողացան ծրագիրը իրագործել միայն Գյումրիում:

«Գյումրին նաև խորհրդանշական է: Սպենդիարյանը Գյումրիում շատ համերգներ է անցկացրել: Սակայն մեկը բացառիկ է եղել: Կա մի հուզիչ պատմություն, որ Ցոլակ Հայկազյան անունով մեկը, ով իր չորս եղբայրների հետ Եղեռնից մազապուրծ եղած հանգրվանել էր Գյումրու որբանոցում, իր վերապրումները նկարագրել է հուշերում և հանձնել մեր թանգարանին: Այս հուշերը տպագրել ենք Սպենդիարյանին նվիրված գրքերից մեկում:

Երբ աշխարհը նշում էր Բեթհովենի մահվան 100-ամյակը Սպենդիարյանը, համերգներ է կազմակերպում Երևանում և Գյումրիում, դրամատիկական թատրոնի շենքում: Այդ օրը ներկա է լինում նաև որբանոցի տնօրենը, ամերիկացի միստր Փիչը և խնդրում, որ համերգը կրկնեն նաև որբանոցում, երեխաների համար: Համերգը կայանում է: Երեխաները դաշտային ծաղիկներ են հավաքում և համերգից հետո Սպենդիարյանը ողողված էր այդ ծաղիկներով։

Եվ ընդհանրապես, մեր մշակութային Գյումրին ինչպե՞ս կարող էր անմասն մնալ Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջացառումներից:

Գյումրու փառատոնը ներառում էր նաև գիտական մասը, որը կայացավ կոնսերվատորիայում, ֆիլմերի ցուցադրություն և մեկ այլ համերգ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ»,-ասաց տուն-թանգարանի տնօրենն ու հավելեց, որ երաժիշտների ընտրությունը ևս պատահական չէ․ «Այն, որ մեր պատանի երաժիշտները հանդես են գալիս հեղինակավոր երաժիշտների՝ օպերային մեներգիչներ Բարսեղ Թումանյանի, Մագդա Մկրտչյանի, դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանի ու Հայկ Մելիքյանի հետ ևս պատահական չէ: Գաղափարը՝ սերունդների երաժշտական երկխոսություն է»:

Դաշնակահար Հայկ Մելիքյանը, ով շատ է կատարում հայ կոմպոզիտորների գործերը և ձայնագրություններ է նաև իրականացրել, առիթ չէր ունեցել կատարելու Սպենդիարյանի ստեղծագործությունները և շնորհակալ է Մարինե Օթարյանին:

«Սպենդիարյանի դաշնամուրային ստեղծագործություններին ես շատ ծանոթ չէի, և ինձ համար բացահայտում էր: Սովորել եմ Սպենդիարյանի երաժշտական դպրոցում, անունն անընդհատ հնչել է, գիտեի «Ալմաստ» օպերան և հայտնի սիմֆոնիկ գործերը, բայց, արի ու տես, դաշնակահար լինելով՝ չեմ ճանաչել կոմպոզիտորի դաշնամուրային գործերը:

Ազգային լինելով հանդերձ՝ շատ եվրոպական է: Ծանոթանալով բոլոր գործերի հետ՝ հասկանում ես, որ նրա մեղեդայնությունը գալիս է Մոցարտից՝ Շուբերտ, Չայկովսկուց՝ Շոպեն, նաև արևելյան ելևեջներն են առկա ու այդ ամենն այդքան ներդաշնակ, այդքան հայկական: Հրաշալի գործեր ունի: Պետք է ոչ միայն խոսել հայ երաժշտարվեստում նրա մեծ դերի մասին, այլ շատ կատարել»,- ընդգծեց դաշնակահարը:

Բարսեղ Թումանյանը, ով դեռ ուսանողական տարիներից երգել է Նադիր Շահի արիան Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայից ևս նշեց, որ Սպենդիարյանի երաժշտությունը քիչ է հնչում, և 150-ամյակը չպետք է լինի, որ նոր կարևորենք մեր մեծանուն կոմպոզիտորին:

Սվետլանա Նավասարդյանը հիշում է, որ 1970-ականներին դիրիժոր Դավիթ Խանջյանը այն ժամանակ դեռ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջանները բացում էր Սպենդարյանի «Երևանյան էտյուդներով»:

««Ալմաստ»-ը՝ մեր օպերային գոհարն է: Սպենդիարյանը մեր երաժշտարվեստի հիմնաքարերից է, անհերքելի մեծություն է, ով լինելով վերին աստիճանի կրթված անձնավորություն՝ ներմուծեց այդ մշակույթը մեր նոր կառուցվող երկիր»,-ասում է անվանի դաշնակահարուհին:

Ի դեպ, բացի Սպենդիարյանի «Օրորոցայինից»՝ մի փոքր որոշեց «շեղվել» ծրագրից և կատարել Կոմիտասի մանրանվագներից, քանի որ կոպոզիտորը Կոմիտասին համարել է իր ուսուցիչը: