Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Մեծ սկանդալ մեծ ֆուտբոլում. Բրազիլիա-Արգենտինա խաղը տևել է ընդամենը 5 րոպե (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի 2022թ առաջնության հարավամերիկյան գոտում մեծ սկանդալ է տեղի ունեցել ընտրական փուլի Բրազիլիա-Արգենտինա սկզբունքային խաղում:

Խաղի 5-րդ րոպեին արգենտինացի Ռոմերոն գնդակը մաքուր խլում է Նեյմարից, սակայն վերջինս խաղի կանոնների խախտում է նկատում այդ դրվագում և հետևից հարվածում է մրցակցին: Ֆուտբոլիստները սկսում են խաղադաշտում պարզել հարաբերությունները:

Քիչ անց իրարանցում է սկսվում թիմերի պահեստային նստարանների մոտ: Խաղադաշտ են մտնում ոստիկաններ: Որոշ ժամանակ ինչ-որ բանակցություններ են ընթանում նրանց և արգենտինացիների միջև: Հանդիպման 11-րդ րոպեին Արգենտինայի հավաքականը լքում է խաղադաշտը: Նրանց են հետևում նաև մրցավարները: Բրազիլիայի հավաքականը շարունակում է մնալ խաղադաշտում: Որոշ ժամանակ անց խաղի պաշտոնյաները մոտենում են բրազիլացիներին և ինչ-որ լուր են հաղորդում: Դրանից հետո տանտերերը նույնպես լքում են խաղադաշտը:

Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, ոստիկանները Բրազիլիայի առողջապահության վերահսկման ազգային գործակալության առաջադրանքով ցանկացել են հենց խաղադաշտից բերման ենթարկել Արգենտինայի հավաքականի այն ֆուտբոլիստներին, որոնք ժամանել էին Անգլիայից և չէին անցել 14-օրյա կարանտին, ինչը պահանջում է երկրի համաճարակային նոր օրենքը: Ըստ այդ գործակալության, արգենտինացի ֆուտբոլիստները կեղծ փաստաթղթեր էին ներկայացրել սահմանն անցնելիս և խախտել էին օրենքները:

Արգենտինայի հավաքականը հրաժարվել է շարունակել խաղն առանց այդ չորս ֆուտբոլիստների: Հարավային Ամերիկայի ֆուտբոլի միությունը իր կայքում հայտարարել է, որ հանդիպումը հետաձգվել է: Խաղի մասին հետագայում որոշում կընդունի ՖԻՖԱ-ն:

Առայժմ, Բրազիլիայի հավաքականը 21 միավորով շարունակում է գլխավորել Հարավային Ամերիկայի գոտու մրցաշարային աղյուսակը: Արգենտինայի ընտրանին 15 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում: