Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԹոփչյանfffNZ7_8861
A A
Հասարակություն

Մահացել է թարգմանիչ, գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը

Այսօր՝ 82 տարեկան հասակում, կյանքից հեռացել է անվանի արձակագիր,  բազմաթիվ գրքերի թարգմանիչ, գրաքննադատ, գրականագետ, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, «Մովսես Խորանացի» մեդալակիր Ալեքսանդր Թոփչյանը՝ տեղեկացնում են Հայաստանի գրողների միությունից:

Հայաստանի գրողների միությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Ալեքսանդր Թոփչյանի հարազատներին։

Ալեքսանդր Թոփչյանը 1970 թվականից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ: 1960-1980 թվականների ընթացքում Հայաստանի, Մոսկվայի և միութենական այլ հանրապետությունների գրական մամուլում տպագրված հոդվածները նրան միութենական ճանաչում են բերել։

Հեղինակ է բազում թարգմանությունների ռուսերենից և ֆրանսերենից, որոնց թվում են Մոլիերի, Լառոշֆուկոյի, Շոդերլո դը Լակլոյի, Ապոլիների, Կոկտոյի, Ժիրոդուի և այլոց գործերը։

Հրատարակել է մոտ 500 գրականագիտական հոդված մամուլում՝ նվիրված արդի գրականության հարցերին։

Որպես գլխավոր խմբագիր և հրատարակության վարիչ՝ Թոփչյանի գործունեության շնորհիվ հրատարակվել են Ռուբեն Սևակի, Վազգեն Շուշանյանի, Հրաչ Զարդարյանի, Հարութ Կոստանդյանի, Նիկողոս Սարաֆյանի և այլ հայ գրողների ստեղծագործությունները, ինչպես նաև հայ գրողների ժողովածուներ և անթոլոգիաներ այլ լեզուներով։

Ալեքսանդր Թոփչյանի հեղինակությամբ լույս են տեսել նաև մի քանի գեղարվեստական գրքեր:

Ալեքսանդր Թոփչյանը հայտնի դերասանուհի Անահիտ Թոփչյանի ամուսինն է։