Լուկաշինի չրարտադրողներին խորհրդատվություն է տալիս Հարավաֆրիկյան հանրապետության փորձագետը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերություն. առևտրի համար պատրաստ. ԵՄ-ն բիզնեսի համար» ծրագիրը Հայաստանում հիմնականում աջակցում է ագրովերամշակման ոլորտին՝ չորացրած մրգերի և բանջարեղենի, խոտաբույսերի ու թեյերի, պահածոների արտադրությամբ զբաղվող փոքր ու միջին ձեռնարկություններին:
Ծրագրի ղեկավար Կարեն Գևորգյանի խոսքով, այս ծրագիրը աջակցում է արտահանող և արտահանման համար պատրաստ ձեռնարկություններին արտադրության ողջ ընթացքում, օգնելով նրանց ստեղծել միջազգային և ԵՄ շուկաների պահանջներին համապատասխան ապրանք և կապեր հաստատել:
«Մենք արտադրող ձեռնարկությանը հասցնում ենք մի աստիճանի, երբ արդեն նա պատրաստ է բանակցել արտաքին գնորդների հետ, կարող է մրցունակ լինել շուկայում»,- ընդգծում է ծրագրի ղեկավարը:
Լրագրողների համար կազմակերպվել էր շրջայց, ծրագրի շահառու, Արմավիրի «Լուկաշին» չրարտադրական կոոպերատիվի արևային չորանոցի տարածք:
«Լուկաշին» չրարտադրական կոոպերատիվի տնօրեն Վարդգես Դավթյանը նշում է, որ այս ծրագիրը հիմնականում աջակցել է խորհրդատվությամբ, ուսուցողական ծրագրերով ու փորձի փոխանակմամբ: Ցուցահանդեսների են նաև մասնակցել, որը ևս շատ կարևոր է: Գործընկերներ են ձեռք բերում, արտադրական նոր տեխնոլոգիաների, նոր սարքավորումների հետ են ծանոթանում: Որպես փորձի փոխանակման լավ օրինակ, ընդգծում է իրենց ուղևորությունը Հարավաֆրիկյան Հանրապետություն, որն այսօր չրերի արտադրության և արտահանման ոլորտում առաջատարներից է:
Մրգերի տեսականին նույնն է, սակայն ծավալները անհամեմատ են: Տարեկան, մոտ հազար տոննա չրեր: Ունեն թե արևային, թե էլեկտրական չորանոցներ: Արտադրությունը շատ կազմակերպված է:
Իսկ ինչ է հարկավոր, որ մեր ձեռնարկություններն էլ ավելի կազմակերպված ու շահավետ աշխատեն հարցին կոոպերատիվի տնօրենը պատասխանում է, որ նրանք ոչ սարքավորումների, ոչ էլ շուկայի հետ խնդիր չունեն:
«Հողատարածքները շատ են և քանակի հետ էլ խնդիր չունեն: Իսկ մեր ֆերմերների հողատարածքները 2-ից 10 հեկտար է: Իսկ արտահանման հիմնական խնդիրը սեփական ավիափոխադրող չլինելու պատճառով գնային փոփոխություններն են: Իսկ մեր արտասահմանյան գործընկերների հետ, երբ գին ենք պայմանավորվում՝ փոփոխության ենթակա չէ»:
Չրանոցում հիմնականում կանայք են աշխատում:
«Արթիկից, Թալինից ու Գյումրիից, դեռ չեմ ասում, որ Արմավիրից ու Խանջյանից կանայք գալիս հասնում են Լուկաշին գյուղ ու շատ գոհ են, որ կա աշխատանք, որը վատ չի վարձատրվում: Ես ինքս Խանջյան գյուղից եմ: Ճիշտ է, աշխատանքը գործարքային է, բայց համարյա ամբողջ տարի աշխատել եմ»,- ասում է տիկին Մելանյան ու «ձգում» կիսաչոր դեղձը, որ տեսքը կոկիկ ու գեղեցիկ լինի: