Բացել լրահոսը Փակել լրահոսը
030921
A A
Պաշտոնական

Արթուր Դավթյանը 6-րդ Արևելյան տնտեսական համաժողովում ներկայացրել է Հայաստանում իրավական պաշտպանության կառուցակարգերը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցել է Վլադիվոստոկում ընթացող 6-րդ Արևելյան տնտեսական համաժողովի աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

 Համաժողովի շրջանակում անցկացվող «Ազգային օրենսդրությունը և վստահությունը միջազգային հարաբերություններում՝ որպես ներդրումների ներգրավման երաշխիք» թեմայով քննարկմանն Արթուր Դավթյանը հանդես է եկել ելույթով, որը վերաբերել է Հայաստանում ներդրումների խրախուսման և պաշտպանության արդյունավետ պայմանների ստեղծման գործընթացներում իրավապահ մարմինների դերակատարմանը։

ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է համաժողովին Հայաստանի մասնակցությունը՝ հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական սերտ կապերը, ապրանքաշրջանառության մեծ ծավալները և հայկական կողմի շահագրգռությունը մեր երկրում արտերկրյա ներդրումների ներգրավման հարցում, ինչի առումով նմանատիպ ֆորումները ծառայում են որպես նպաստավոր հարթակ՝ Հայաստանում ներդրումային միջավայրի  և դրա բարելավման միջոցառումների ներկայացման համար։

Արթուր Դավթյանը նշել է, որ ներդրումների խթանումն ու իրավական պաշտպանությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններից է, որոնց համար ստեղծված են բավարար օրենսդրական  ինստիտուցիոնալ պայմաններ։  Այդ համատեքստում իրավապահ մարմիններին վերապահված է իրենց նպատակային գործունեությամբ պոտենցիալ ներդրողների, գործարարների մոտ արդարության, արդարադատության և պաշտպանվածության համոզմունք արմատավորելու առաքելությունը, այդ կերպ վստահության մթնոլորտի ձևավորմանը նպաստելը։

Արթուր Դավթյանն ընդհանուր գծերով ներկայացրել է Հայաստանում գործող ներդրումների պաշտպանությանը միտված իրավական-օրենսդրական բազան, որը տարիների ընթացքում առավել ինստիտուցիոնալ բնույթ է ստացել՝ ընդգրկելով պետություն-մասնավոր համագործակցության իրավական հարաբերությունների օրենսդրական կարգավորումը և նպատակ ունենալով խթանել երկրում ներդրումների պաշտպանության համապատասխան ենթակառուցվածքների բարելավումը, ստեղծել բարենպաստ միջավայր՝ միջազգային լավագույն փորձին համահունչ Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերության հաջող ծրագրերի իրականացման, խթանման և կառավարման համար:

ՀՀ գլխավոր դատախազը ներդրումների խթանման և ներդրողների իրավունքների ու բնականոն գործունեության պաշտպանության առումով ՀՀ իրավապահ մարմինների, այդ թվում նաև դատախազության դերը կարևորել է առաջին հերթին կառուպցիայի դեմ պայքարի առումով՝ առանձնացնելով երկրում իրականացվող համակարգային հակակոռուպցիոն բարեփոխումները՝ որպես պետական մարմինների, պաշտոնատար անձանց կողմից ներդրողների գործունեությանը վարչական կամ որևէ այլ ապօրինի, հանցավոր ներազդեցության, միջամտության բացառման, ինչպես նաև նման դեպքերում մեղավորների քրեական պատասխանատվության անխուսափելության գործուն երաշխիքների ապահովման միջոց։

Կարևորվել է նաև տնտեսական հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետության բարձրացումը, քրեական օրենսգրում վերջին տարիներին կատարվող բազմաթիվ փոփոխությունները, որոնք միտված են հանցակազմերի պարզեցմանը և որոշակիության ապահովմանը, որպեսզի տնտեսվարող սուբյեկտների համար հնարավորինս կանխատեսելի դարձնեն իրենց արաքները, և թույլ տան գնահատելու իրենց հետ առնչություն ունեցող այլ շրջանակների առերևույթ հանցավոր վարքագիծը՝ որպես հանցագործություններից պաշտպանվելու միջոց։

Նշված քննարկումից հետո ՀՀ գլխավոր դատախազը մասնակցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ համաժողովի պլենար նիստին։