Բացել լրահոսը Փակել լրահոսը
1DM_1403a
A A
Հասարակություն

Ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ Ավանեսյան

Փոխվարչապետ Պապիկյանն այսօր կայացած կառավարության նիստում անդրադարձել է նաև ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին՝ խնդրելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին ներկայացնել ընթացիկ տեղեկատվություն: Առողջապահության նախարարը զեկուցել է հետևյալը. «Երեկվա դրությամբ իրականացվել է 6394 թեստավորում, որից 636-ը եղել է դրական՝ հայտնաբերված դեպքերի մոտ 10 տոկոսի շեմը հատում ենք։ Ցավոք, երեկ գրանցվել է 19 մահ, և, ինչպես տեսնում ենք, և ինչպես մենք մի քանի անգամ ահազանգել ենք, դելտա շտամն աչքի է ընկնում ավելի մեծ վարակելիության աստիճանով: Բայց, բացի դրանից, հիվանդության ընթացքն ավելի ծանր է։ Նաև նկատում ենք հիվանդության երիտասարդացում. նախորդ շաբաթվա ընթացքում ես հրապարակել էի, որ ունեինք 20 և 28 տարեկան երիտասարդներ, ցավով պետք է ասեմ, որ նրանցից մեկը մահացել է։ Այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ուստի սա իսկապես մեզ ահազանգ է, որ բոլորս հասկանանք, պատկերացնենք առաջիկայում մեր վարքագիծը, շատ ավելի կարգապահ դարձնենք այն, և ամեն մեկը, իր հանրային պատասխանատվության մասը կրելով, նպաստի, որպեսզի  մեր բնակչության առողջությունը և կյանքը պաշտպանենք։

 

Այս պահին ունենք ծավալված մոտ 1600 մահճակալ, որից 1400-ը զբաղված է։ Ծանր վիճակում է գտնվում 650 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 126 քաղաքացի, արհեստական շնչառական ապարատներին միացված է 51 քաղաքացի։ Այս պահին ամբողջությամբ իրականացնում ենք կարիք ունեցող բոլոր քաղաքացիների հոսպիտալացում, որևէ հերթ չունենք և հընթացս ծավալում ենք նոր մահճակալներ։ Սա, իհարկե, շատ մեծ լարվածություն է ստեղծում համակարգում։ Գիտենք, որ աշնանը ընդհանուր առմամբ հիվանդացության աճ է գրանցվում, և մարդիկ ավելի շատ են դիմում շտապօգնության ծառայությանը, հիվանդանոցներին: Ուստի, Covid-ը պահել հնարավորինս կառավարելի շրջանակում՝ նշանակում է նաև նպաստել այլ հիվանդություններով քաղաքացիներին ճիշտ ժամանակին բժշկական օգնություն ցույց տալուն։

 

Թույլ տվեք ներկայացնել նաև վերջին օրերին պատվաստումային գործընթացի առաջընթացի թվերը։ Այս պահին ունենք 293 955 իրականացրած պատվաստում, մեր օրական ցուցանիշը 6000-ի շեմը անցել է, երեկ իրականացվել է 6227 պատվաստում։ Նկատում ենք շատ մեծ հետաքրքրվածություն և հոսք, ինչը ողջունելի է. եթե մարտ ամսին հարցվածների միայն 10 տոկոսն էր հնարավոր համարում պատվաստումը, վերջերս իրականացված հարցումները լրիվ այլ պատկեր են ցույց տալիս, և 40 տոկոսից ավելի քաղաքացիներ, այո՛, պատվաստումը դիտարկում են որպես շատ կարևոր գործիք և պատրաստ են պատվաստվելու։ Սա խոսում է հասարակական կարծիքի փոփոխության մասին, բայց, իհարկե, աշխատելու դեռ շատ տեղ ունենք՝ ապատեղեկատվության և այլ  արատավոր երևույթների դեմ պայքարի շրջանակում»: