Բացել լրահոսը Փակել լրահոսը
241181568_1776531479200975_5080161656888814569_n
A A
Հասարակություն

ՄԻՊ-ը դատարանների ազատությունից զրկվածներին ժամանակավոր պահելու խցերի վատ պայմանները վերացնելու առաջարկներն ուղարկել է ՀՀ ԲԴԽ

Մարդու իրավունքների պաշտպանն Արագածոտնի և Շիրակի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների Աշտարակի, Ապարանի, Գյումրու և Մարալիկի նստավայրերի ժամանակավոր պահման խցերի սանիտարահիգիենիկ վիճակի ու պահման պայմանների մշտադիտարկումից հետո վեր հանված խնդիրները և դրանց լուծման առաջարկներն ամփոփվել է վերլուծական տեղեկանքում և ուղարկել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
 
Նշված դատարանների ազատությունից զրկվածներին ժամանակավոր պահելու վայրեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի (NPM) 2021թ. հուլիսի 23-ի չհայտարարված այցով վեր էին հանվել հետևյալ հիմնական խնդիրները՝ կապված միայն պահման պայմանների հետ.
• Խիստ անբավարար պայմաններ են առկա Շիրակի դատարանի Գյումրու նստավայրում:
 
Խցերը, որոնք նախատեսված են ազատությունից զրկված անձանց պահելու համար, գտնվում են դատարանի շենքի նկուղային հարկում, որտեղ բնական լուսաթափանցելիությունն անբավարար է, իսկ խցերի ներսում արհեստական (էլեկտրական) լուսավորություն առկա չէ, առհասարակ:
 
Խցերում որպես պատուհան են ծառայում բետոնե ծածկույթով փոսանման բացվածքներ, որոնք կահավորված են ճաղավանդակներով և չունեն ապակե ծածկեր: Սա անթույլատրելի է՝ հատկապես հաշվի առնելով ցուրտ եղանակային պայմաններում խցերում պատշաճ ջերմային ռեժիմի ապահովման տեսանկյունից:
 
Այցի ընթացքում Գյումրու նստավայրի խցերում բարձր է եղել նաև խոնավության աստիճանը, հատակին եղել են ջրի կուտակումներ: Առկա է վերանորոգման հրատապ անհրաժեշտություն՝ հաշվի առնելով նաև, որ առկա չէ օդափոխման համակարգ, ժամանակավոր պայման վայրի հատակը բետոնածածկ է, իսկ խցերի պատերի ծափամածիկները թափված են, տեսանելի են ճաքեր:
 
• Բոլոր նստավայրերում խցերի սանհանգույցները խցի բնակելի հատվածից առանձնացված չեն ամբողջական պատով և չունեն դռներ:
 
Ըստ պաշտոնական պարզաբանումների՝ խցերում կարող է պահվել մեկից ավելի անձ, ինչը նշանակում է, որ այս վիճակը հատկապես է անընդունելի նախևառաջ մարդու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության տեսանկյունից:
Անընդունելի է նաև, որ բոլոր սանհանգույցներն ասիական տիպի են:
 
Աշտարակի նստավայրում առկա է երկու խուց, որոնց դռերն ամբողջությամբ բաց ճաղերով են, իսկ այդ խցերի ներսում սանհանգույցներն ունեն այնպիսի տեղակայում, որ ակնհայտ դիտարկվում են խցի դրսից՝ միջանցքից:
 
Սա խախտում է մարդու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը:
Դատարանների խցերի սանհանգույցների հետ կապված այս անընդունելի վիճակն ունի համակարգային բնույթ, այն արձանագրվել է այլ դատարանների (օրինակ՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի և Աբովյանի նստավայրեր) հետ կապված նույնպես և արտացոլվել Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում:
 
• Աշտարակի նստավայրի խցերից մեկը չունի պատուհան, որի պատճառով խուցը չունի բնական լուսավորություն, ինչպես նաև չի ապահովվում պատշաճ օդափոխություն՝ նստավայրում օդափոխման համակարգի բացակայության պատճառով:
 
• Աշտարակի նստավայրի երկու խցերից մեկում բացակայում է լվացարանը, իսկ Գյումրու և Ապարանի նստավայրերի մեկական խցերում առկա են լվացարաններ, բայց չկան ջրի ծորակներ:
Գյումրու նստավայրի խցերից մեկում լվացարանի խողովակի փոխարեն տեղադրված է պլաստմասե շիշ:
 
• Խցերում բացակայում են հիգիենիկ պարագաները, մասնավորապես՝ ուսումնասիրված խցերում առկա չի եղել օճառ, իսկ սանիտարական թուղթ առկա է եղել միայն Ապարանի նստավայրում:
 
• Մարալիկի նստավայրի բոլոր երեք խցերը, ինչպես նաև Գյումրու նստավայրի չորս խցերից երկուսը կահավորված չեն նստարաններով և դրանցում, առհասարակ, որևէ տեսակի կահավորում առկա չէ:
 
• Նստավայրերի որևէ խցում առկա չի եղել ազատությունից զրկվածների համար սննդի ընդունման համար անհրաժեշտ պայմաններ:
 
• Դատարանների խցերը և խցերի սանհանգույցները հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կարիքներին: Սրան գումարվում է նաև այն, որ քանի որ դատարանի շենքերը նույնպես հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցողների համար, ապա խցերից դատական նիստերի դահլիճ տեղափոխումը մարդու իրավունքների, արժանապատվության տեսանկյունից անընդունելի է:
 
Մարալիկի և Ապարանի նստավայրերի խցերի պայմաններն առավել բարեկարգ են, իսկ դրանց սանիտարահիգիենիկ վիճակն ու լուսաթափանցելիությունը բավարար են:
 
Այցերի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև դատարանների աշխատակազմերի և դատական կարգադրիչների հետ:
 
Դատարանների խցերի հետ կապակցված խնդիրներից է նաև դատապարտյալներին դատարան տեղափոխումը, ուղեկցումը և պահպանությունն իրականացնող պատասխանատու պետական մարմնի հարցը, որն ունի համակարգային բնույթ և մշտապես պարբերական քննարկման առարկա է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում՝ համապատասխան առաջարկներով: