Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Երիտասարդը մահացել է․ Ավանեսյանը՝ կորոնավիրուսային իրավիճակի մասին (տեսանյութ)

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է կորոնավիրուսային համավարակին և արձանագրել՝ դելտա շտամն աչքի է ընկնում ավելի մեծ վարակելիությամբ, և հիվանդության ընթացքն ավելի ծանր է:

«Նախորդ շաբաթվա ընթացքում հրապարակել էի, որ ունենք քովիդով վարակված 20, 28 տարեկան երիտասարդներ, որոնք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Ցավով պետք է ասեմ, որ նրանցից մեկը մահացել է։ Այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սա իսկապես ահազանգ է, որ բոլորս հասկանանք և առաջիկայում մեր վարքագիծը շատ ավելի կարգապահ դարձնենք, ամեն մեկը, իր հանրային պատասխանատվության մասը կրելով, նպաստի, որ մեր բնակչության առողջությունը և կյանքը պաշտպանենք:

Այս պահին մոտ 1600 մահճակալ ունենք ծավալված, որոնցից 1400-ը զբաղված են։ Ծանր վիճակում է գտնվում 650 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 126 քաղաքացի։ Արհեստական շնչառական ապարատներին միացված է  51 քաղաքացի։ Այս պահին իրականացնում ենք քաղաքացիների հոսպիտալացում: Որևէ հերթ չունենք և հընթացս ծավալում ենք նաև նոր մահճակալներ»,- ասաց նախարարը։

Անահիտ Ավանեսյանը նկատել է, որ հիվանդության երիտասարդացման միտում կա: Բացի այդ, նկատվում է պատվաստվել ցանկացող մարդկանց մեծ հոսք։

«Վերջերս իրականացված հարցումները ցույց են տալիս, որ 40 տոկոսից ավելի քաղաքացիներ դիտարկում են պատվաստումը կարևոր գործիք: Երեկ իրականացվել է 6227 պատվաստում»,- ասել է Անահիտ Ավանեսյանը: