Բացել լրահոսը Փակել լրահոսը
219925
A A
Հասարակություն

Քննարկվել են Արցախի հանրակրթության ոլորտի հիմնահարցերը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 30-ին, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ, մասնակցել է նոր ուսումնական տարուն ընդառաջ անցկացվող օգոստոսյան խորհրդակցությանը՝ Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական հաստատությունների ղեկավար կազմի ներգրավմամբ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Արտակ Բեգլարյանը լսել է անցած տարվա ամփոփիչ արդյունքների և նոր ուսումնական տարում նախատեսվող առաջադրանքների ու խնդիրների մասին ոլորտի պատասխանատուների զեկույցները, քննարկում ծավալել հանրակրթական դպրոցների տնօրենների բարձրացրած հարցերի ու առաջարկությունների շուրջ:

Իր խոսքում պետական նախարարը շեշտադրել է կրթության, մասնավորապես՝ հանրակրթության ոլորտում հիմնարար բարեփոխումների անհրաժեշտությունը, որոնք քայլ առ քայլ արդեն ներդրվում են համակարգում:

«Առաջիկայում աշխատանքային խմբեր են ձևավորվելու թե նախադպրոցական կրթության, հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում ուսումնասիրություններ կատարելու, և թե՛ ռազմավարություններ ու ծրագրեր մշակելու և իրականացնելու նպատակով: Այդ աշխատանքների հիման վրա մենք կկարողանանք հիմնարար ու երկարաժամկետ բարեփոխումներ կատարել ոլորտում: Զուգահեռաբար ուսումնասիրում ենք ուսուցիչների աշխատավարձի քաղաքականությունը վերանայելու և մասնագիտական աճի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հնարավորությունները»,- նշել է Ա.Բեգլարյանը:

Պետական նախարարը ընդգծել է կրթության ոլորտում պետական քաղաքականության վերանայման անհրաժեշտությունն ու շեշտել երկրի իշխանությունների վճռական տրամադրվածությունը՝ ավելի մրցունակ ու որակյալ կրթական համակարգ ստեղծելու հարցում: