Բացել լրահոսը Փակել լրահոսը
240392460_410442980596488_6128934387556461475_n
A A
Քաղաքականություն

Ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել Շուշիի մոտակայքում՝ Շոշ և Մխիթարաշեն համայքների ուղղությամբ

 
ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրել է․
 
Օգոստոսի 24-ին օրվա ընթացքում և մինչև ուշ գիշեր Շուշիի մոտակայքում՝ մասնավորապես Շոշ և Մխիթարաշեն համայնքների ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը ակտիվորեն և տևական կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի և դրանց մոտակայքում տեղակայված հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։
 
Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի դիմաց տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցներից տարբեր զինատեսակների բեկորները հասել են գյուղի բնակելի հատված, իսկ օգոստոսի 24-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում Շուշիի հատվածից արձակված կրակոցներից տուժել է համայնքի բնակիչներից մեկի տունը։
 
Ադրբեջանի վարքագիծը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ խաղաղ բնակավայրերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը պետք է հեռացվեն բնակավայրերից այնպիսի հեռավորության վրա, որտեղից հնարավոր չի լինի ուղիղ դիտարկմամբ նշանառության տակ պահել քաղաքացիական բնակավայրերը, քանի որ դրանք անմիջական և իրական սպառնալիք են հանդիսանում Արցախի ժողովրդի կյանքի, առողջության և այլ կենսական իրավունքների, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության համար։
 
Ադրբեջանական զինված ուժերի անօրինական գործողությունների պատճառով խաթարվում է սահմանամերձ դարձած բնակավայրերում խաղաղ բնակչության բնականոն կյանքն ու գործունեությունը։
 
Եվս մեկ անգամ ընդգծում եմ միջադեպերի քննության հստակ մեխանիզմների ներդրման կարևորությունը, ինչը հնարավորություն կտա պատասխանատվության ենթարկել միջադեպերի հեղինակներին և կանխել դրանց հետագա կրկնությունը։