Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Արշակ Կարապետյանը մասնակցել է «Արմիա 2021» ռազմատեխնիկական համաժողով-ցուցահանդեսին (տեսանյութ)

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը իր առջև ծառացած երեք հիմնական խնդիր է տեսնում նոր, արդիականացված բանակ ունենալու և երկրի անվտանգության մարտահրավերներին դիմակայելու ճանապարհին, որոնցից առաջինը նոր և որակով սպառազինություն, երկրորդը՝ զենքի սեփական արտադրություն ունենալն է և երրորդը՝ ՊՆ-ի և արտադրող ձեռնարկությունների միջև միջնորդներ թույլ չտալը: Այդ մասին պաշտպանության նախարարն ասել է Մոսկվայում՝ «Արմիա-2021» ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում: Ընդ որում, նախարարը շեշտել է, որ բոլոր երեք խնդիրների կատարման մեջ կարևոր դեր է խաղալու ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը, որը լիովին աջակցում է Հայաստանին:

«Կարող եմ ասել, որ «չէ» բառ չեմ լսել այստեղ: Եվ գործնական քայլեր ենք անելու մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգացնելու ուղղությամբ: Մենք պլանավորում ենք ունենալ որակով սպառազինություն, մենք պլանավորում ենք ունենալ նոր սպառազինություն, մենք հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց: Դա մեր քաղաքականությունն է: Ավելի լավ է՝ մենք ունենանք քիչ, բայց որակով, և հստակ իմանանք, որ այդ սպառազինությունը գործելու է», - ասել է Արշակ Կարապետյանը:

Երկրորդ խնդիրը, որն իր առջև դրել է պաշտպանության նախարարը, Հայաստանում զենքի սեփական արտադրություն ունենալն է: Արշակ Կարապետյանի խոսքով՝ այս հարցում ևս Հայաստանը աջակցություն է ստանում Ռուսաստանից համատեղ ձեռնարկությունների բացման տեսքով:

«Նորից եմ կրկնում՝ մենք, որպես ազգ, պետք է կարողանանք արտադրել սեփական զենքը», - ընդգծեց պաշտպանության նախարարը:

Երրորդ խնդիրը, որն իր առջև տեսնում է ՊՆ ղեկավարը, հետևյալն է՝ «թույլ չտալ, որ ՊՆ-ի և արտադրող ձեռնարկությունների միջև լինեն միջնորդներ՝ հասկանալի պատճառներով»:

«Կարծում եմ՝ այս երեք պայմանները պահպանելու դեպքում անպայման ստանալու ենք նոր, արդիականացված և 21-րդ դարին համահունչ բանակ և կարողանալու ենք դիմակայել հանդեպ առկա վտանգներին», - եզրափակել է Արշակ Կարապետյանը: