Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ ԼՂ կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ. ԱՄՆ դեսպան (տեսանյութ)

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

«Մենք աշխատելու ենք որպես Մինսկի խմբի համանախագահ՝ այդ դիրքերից ձգտելով իրավիճակի դեէսկալացիայի, միջադեպերի վերացման, որպեսզի հնարավոր լինի դիտարկել մնացյալ հարցերը՝ պատերազմի հետևանքների և մյուս խնդիրների վերջնական կարգավորումը»,- Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց Լին Թրեյսին:

Անդրադառնալով անվտանգության և սահմանային միջադեպերի հետ կապված հարցերին՝ Թրեյսին նշեց, որ իր կարծիքը հայտնել է և դիրքորոշումներ են հնչել նաև ԱՄՆ պետքարտուղարությունից։

«Թերևս գիտեք, որ ես հուլիսին այցելեցի Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներից մեկը, որտեղ միջադեպեր էին գրանցվում, և ուզում եմ  հստակ նշել, որ մենք կոչ ենք անում իրավիճակի դեէսկալացիայի և որ հնարավորինս արագ վերջ տրվի բռնություններին»,- ընդգծեց տիկին դեսպանը և հավելեց, որ այս խնդիրների լուծումը հրատապ է հատկապես այն պատճառով, որ քաղաքացիական անձինք են հայտնվում հակամարտության մեջ և վտանգվում է նրանց անվտանգությունն ու ապահովությունը։