Պատերազմի մասնակից 100 զինծառայող աշխատանքով կապահովվի «ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունում
Աջակցիր «Ա1+»-ին«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը, կարևորելով պատերազմի մասնակից զինծառայողների մասնագիտական ուսուցումը և հետագայում աշխատանքի ապահովման անհրաժեշտությունը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ստորագրել է հուշագիր, որի համաձայն ռազմական գործողություններին մասնակցած շուրջ 100 զինծառայողի հնարավորություն կտրվի վերապատրաստում անցնել և ընդունվել աշխատանքի «Սոֆթ կոնստրակտ» ՓԲԸ-ում։
«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը ցանկանում է պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շրջանակներում զինծառայողներին օգնելու վերադառնալ բնականոն կյանքին:
Հատկանշական է, որ Ընկերության շուրջ ստեղծված ենթակառուցվածքների շնորհիվ մասնավոր գործունեություն ծավալող ընկերություններից «ՍոֆթԿոնստրակտ»-ում մասնագիտական ուսուցում կստանան և աշխատանքով կապահովվեն թվով ամենաշատ զինծառայողները՝ շուրջ 100 հոգի:
Ընկերությունում ընդունված զինծառայողները հնարավորություն կստանան օգտվել ընկերությունում գործող մարզասրահից և օտար լեզուների դասընթացներից: Ինչպես նաև ուսուցման և աշխատանքային փորձի ձեռքբերման ընթացքում ծագած ծախսերը հոգալու նպատակով յուրաքանչյուր ամիս շահառուներին կվճարվի առնվազն 80,000 դրամ: