Ինչո՞ւ է այնպես ստացվել, որ մեր տղաներին տարել են արդեն իսկ գրավված տարածք․ Անհետ կորած զինծառայողի ծնող (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնհետ կորած զինծառայողների հարազատներն այս անգամ ակցիա էին իրականացնում Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց՝ հանդիպում պահանջելով ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Որոշ ժամանակ ԱԱԾ շենքի բակում իրենց ակցիան իրականացնելուց ու լրագրողների հետ խոսելուց հետո հարազատները մտել էին շենքի մուտքից ներս ու նշում էին, որ դուրս չեն գալու մինչև հանդիպումը չկայանա։ Թեև աշխատակիցները լրագրողներին հորդորեցին դուրս գալ ու նկարահանումներն անել դրսում։
Ստեփանակերտի «Ցոր» կոչվող զորամասի 21 անհետ կորած տղաների հարազատներն էին հավաքվել ԱԱԾ-ի մոտ։ Տղաներից մեկի մորաքույր Անահիտ Մանասյանը նշեց, որ Արցախի ԱԻՆ-ի և Կարմիր խաչի հետ համատեղ հենց ծնողներն են որոնողական աշխատանքներ իրականացրել ու 21 տղաներից միայն 9-ի մասունքներն են գտել։ Ութն արդեն նույնականացվել են, մեկի ինքնությունը դեռ չի պարզվում։
«Պատերազմի 17-րդ օրը՝ հոկտեմբերի 12-ին, երեխաներին տարել են Հադրութի շրջան այն ժամանակ, երբ Հադրութը գրեթե հանձնած էր։ Մեր երեխաները հրետանավորներ էին, իրենց դիրքերը պետք է լինեին այլ, բայց տարել էին բավականին սխալ դիրքեր, որտեղից իրենց մարտական առաջադրանքները հնարավոր չէր իրականացնել», - ասաց Անահիտ Մանասյանը։
Այնտեղի մարտերից հետո, նրա խոսքով, մի քանի հոգի են դուրս եկել ու այդ մի քանիսը սպաներն են եղել, որ թողել են զինծառայողներին։ Նա նշեց, որ աշխատում են Դատախազության հետ, իրենց ունեցած փաստերը փոխանցում են։
Ծնողներն ու հարազատները նշում են, որ պետական բոլոր կառույցների հետ հանդիպել են ու ամեն հանդիպմանը նրանք արդեն 10 ամիս է նշում են՝ համբերեք, սպասեք, մենք աշխատում ենք․ «10 ամիս է` մենք արդյունքը չենք տեսնում, թող ասեն՝ քո երեխան զոհվել է կամ գերի է, մի բան թող ասեն»։
Անհետ կորած զինծառայողի քեռի Եղիշե Զաքունցը նշեց, որ եկել են ԱԱԾ, քանի որ փետրվարից սկսած նրանք զբաղվում են երեխաների հարցով, ուստի պետք է խոսեն նաև ԱԱԾ տնօրենի հետ ու հասկանալ իրավիճակը։
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը ընդունեց զինծառայողների հարազատներին ու շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո նրանք դուրս եկան և Անահիտ Մանասյանը նշեց, որ պայմանավորվածություն են ձեռք բերել Աբազյանի հետ՝ իրենց ունեցած լրացուցիչ տեղեկությունները նրանց տրամադրելու և խորացված հետախուզություն իրականացնելու վերաբերյալ․ «Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենալու ու նրանք էլ զեկուցելու են մեր երեխաների մասով կատարված աշխատանքների մասին»։
Արդյոք հարազատները արդյունավետ են համարում ԱԱԾ տնօրենի հետ հանդիպումը, Անահիտ Մանասյանը նշեց, որ մինչև արդյունքներ չլինեն և երեխաներին չգտնեն, գոհ լինել չեն կարող, սակայն հանդիպումը մի փոքր հույս էր իրենց համար։