Արմեն Գևորգյանի փաստաբանի ճեպազրույցը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մեր խնդիրը հետևյալն է․ դատական քննության փուլում, արդեն իսկ հարուցված քրեական հետապնդման պայմաններում, արդյոք չկա՞ խնդիր քրեական հետապնդումն իրականացնելու հետ կապված, որը պետք է հասկանանք ոչ միայն գործի հարուցմամբ, այլև՝ իրականացմամբ։ Հետևաբար, այդ խնդիրը ոչ միայն մենք ենք տեսնում, այլև տեսել է դատարանը և արձանագրել է այդ հանգամանքը հունիսի 29-ի դատական նիստի ժամանակ՝ հստակ նշելով, որ տեսնում է անձեռնմխելիության հաղթահարման խնդիր»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի փաստաբանը։
Վերջինս համոզված է՝ համապատասխան փոփոխություն պետք է կատարվի, որը կարող է հետադարձ ուժ ունենալ։ Փաստաբանի կարծիքով՝ դատախազությունը չի կարող դիմել ԱԺ և ստանալ համապատասխան թույլտվություն, դատարանը՝ նույնպես, քանի որ վերջինս անկախ արբիտր է։ Նման գործունեություն իրականացնելու դեպքում դատարանը կստանձնի քրեական հետապնդում իրականացնող մարմնի գործառույթ, որը դատարանին դուրս կթողնի արբիտրի կարգավիճակից։ Ըստ նրա՝ իրենք գործը կասեցնելու պահանջ չեն ներկայացրել։ Տեսել են ՍԴ դիմելու խնդիր, և խնդրել, որպեսզի դատարանը դիմի ՍԴ։
Հիշեցնենք, որ նախկին փոխվարչապետ, 2008-ին նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` շուրջ 5 միլիարդ դրամի` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար (փողերի լվացում)։