Բացել լրահոսը Փակել լրահոսը
ինքնաթիռ
A A
Քաղաքականություն

Օդանավ շահագործողի վկայականից զրկվեց եւս մի ավիաընկերություն. այս տարի՝ արդեն երրորդը․ Հետք

2021 թ. ընթացքում արդեն երրորդ հայկական ավիաընկերությունն է զրկվում օդանավ շահագործողի վկայականից (ՕՇՎ), ինչը կոմերցիոն թռիչքներ կատարելու իրավունք է տալիս: 2017-ից մինչեւ հիմա սա ՕՇՎ կորցնելու դեպքերի ամենամեծ ցուցանիշն է: Այս մասին տեղեկացնում է «Հետք»-ը։

Այս տարվա ընթացքում իրենց ՕՇՎ-ներից զրկվել են «Atlantis European Airways»-ը, որը դեռ նախորդ աշնանը սնանկ էր ճանաչվել, եւ «Fly Armenia Airways»-ը: Այս ամիս նրանց շարքը համալրեց «Սմարթ Էյրլայնզ» ՍՊԸ-ն (Smart Airlines):  

2019-ի նոյեմբերից մինչ օրս՝ 2 տարուց էլ պակաս ժամանակահատվածում, տարբեր պատճառներով ՕՇՎ-ից զրկվել է 6 ավիաընկերություն, որոնցից միայն մեկն է (օդապարիկներ շահագործող «Սքայբոլ» ընկերությունը) կրկին վկայական ձեռք բերել:

Օդանավ շահագործողի վկայականներից զրկված «Տարոն-Ավիան» ու «Մարս Ավիան», ՊԵԿ-ի տվյալների համաձայն, ավելի ուշ դադարեցրել են գործունեությունը (ոչ թե որպես ավիաընկերություն, այլ ընդհանրապես իբրեւ իրավաբանական անձ), «Atlantis European Airways»-ը լուծարման գործընթացում է, իսկ «Fly Armenia Airways»-ը մտադիր է շարունակել ավիացիոն գործունեությունը, չնայած ոչ մի անգամ կոմերցիոն չվերթ չի իրականացրել:

Դժվար է ասել, թե ինչ է սպասվում ՕՇՎ-ից զրկված «Smart Airlines»-ին, քանի որ այս տարվա հունվարի 1-ից հետո ընկերությունը որեւէ թռիչք չի իրականացրել ու չէր էլ կարող, որովհետեւ չունի գեթ մեկ օդանավ:

Հիշեցնենք, որ այս ընկերությունը հիմնադրվել է դեռ 2010 թ. եւ նախկինում փաստացի պատկանում էր քաղավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ քաղավիացիայի կոմիտե) պետի նախկին տեղակալ, ՀՀ-ում Ավստրիայի պատվո հյուպատոս Արամ Մարությանին, որը 2020 թ. հոկտեմբերին «Atlantis Armenian Airlines» անունը կրող ընկերությունն օտարեց նոր տերերի: Վերջիններս էլ դեկտեմբերին անվանափոխեցին ավիաընկերությունը՝ կոչելով «Smart Airlines»:

 Երեւանում գրանցված այս ավիաընկերության ներկա սեփականատերերը երկուսն են՝ աշտարակցի Էդուարդ Օհանյանն (1 %) ու երեւանյան «Իննովեյշն Թեքնոլոջի Սիստեմս» ՍՊԸ-ն (99 %), որն ամբողջությամբ պատկանում է մայրաքաղաքում հաշվառված Արթուր Պողոսյանին: Ըստ «Իննովեյշն Թեքնոլոջի Սիստեմս» ընկերության կանոնադրության՝ դրա գործունեության հիմնական ուղղությունն ԱԹՍ-ների արտադրությունն է, չնայած ՊԵԿ-ը նշում է հանքարդյունաբերության ոլորտում օժանդակ ծառայությունների մատուցումը: Հատկանշական է նաեւ, որ «Smart Airlines»-ի 99 %-ի սեփականատեր ՍՊԸ-ն գրանցված է Բարգատունյաց 73-ում, որտեղ գործում է «Պատրոն Դավիթ» անունով հայտնի գործարար Դավիթ Գալստյանին պատկանող «Նեյտրոն» գործարանը («Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ՓԲԸ): Գրել էինք, որ Արթուր Պողոսյանի եւ Դավիթ Գալստյանի կապի մասին է խոսում նաեւ այն փաստը, որ Պողոսյանը տնօրեն ու բաժնետեր է այնպիսի ընկերություններում, որոնցում աշխատել կամ աշխատում են Գալստյանի գործընկերները:

Այն բանից հետո, երբ Արամ Մարությանն ավիաընկերությունը վաճառեց նոր տերերին, դրա հաշվեկշռում միայն մեկ օդանավ կար՝ EK-76345 գրանցումով «Իլ-76ՏԴ» բեռնատար ինքնաթիռը, որը 44-օրյա պատերազմի օրերին կարեւոր բեռնափոխադրումներ էր կատարում Հայաստանի կարիքների համար: Սակայն այս օդանավն ավիաընկերության բալանսում էր մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 31-ը, այսինքն՝ «Smart Airlines»-ն այս տարվա հունվարի 1-ից հետո օդանավ չի ունեցել:

Այս պայմաններում ավիաընկերության ՕՇՎ-ի գործողությունը քաղավիացիայի կոմիտեն կասեցրել է միայն ապրիլի 30-ին ու մինչեւ հուլիսի 30-ը ժամանակ տվել ընկերությանը՝ բացթողումները շտկելու համար: Կարող ենք ասել, որ «Smart Airlines»-ը չի բավարարել ՔԱԿ-ի պահանջները, եւ օգոստոսի 2-ին կոմիտեն ավիաընկերությանը զրկել է ՕՇՎ-ից, որի գործողությունը նախատեսված էր մինչեւ 2022 թ. օգոստոս:

 

Ամբողջն՝ այստեղ