Ասում են՝ զբոսաշրջիկը գա, չիմանա՞, որ սա կոշիկի խանութ է. Լեզվի կոմիտեի նախագահ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎերջին 7 ամիսներին Լեզվի կոմիտեն հարուցել է 63 վարչական վարույթ՝ «Լեզվի մասին օրենքի» խախտման համար։ Կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն ասուլիսում նշեց, որ դա բավական մեծ թիվ է, քանի որ տարվա համար նախատեսված է 75-ը։
Նա նշեց՝ զարմանալի է այն, որ Հայաստանում հայ տնտեսվարողները կարծես թե գործում են ոչ հայաստանցիների, այլ զբոսաշրջիկների համար․ «Մտնում ենք սրճարան, ճաշարան և բերում են ճաշացանկը միայն օտար լեզվով, այնինչ ՀՀ լեզվի մասին օրենքն ասում է, որ նախ պետք է լինի հայերեն ու զուգակցվել այլ լեզուներով։ ՀՀ քաղաքացիները պետք է Հայաստանում իրենց օտար չզգան։ Տարբեր արտադրանքների վրա հայերենը պիտի աղքատ ազգականի կարգավիճակ չունենա»։
Դավիթ Գյուրջինյանի խոսքով՝ հաճախ է հանդիպում, որ տարբեր հաստատությունների վրա տեղադրում են մեծ ցուցանակներ միայն օտար լեզվով։ Հայաստանի քաղաքացին պիտի իմանա այդ լեզուն, որ իմանա՝ ինչի մասին է խոսքը․ «Դա զարգացվածության նշան չէ, մենք ինքնատիպ, հետաքրքիր ենք աշխարհին մեր լեզվով ու մշակույթով, մեր տեսակով»։
Նորից անդրադառնալով վարչական վարույթներին նա նշեց, որ դրանք բոլորը դատարանում են և շատերի քննությունը նշանակված է եկող տարի գարնանը ու մարդիկ փոխանակ շտկեն խախտումը, վերացնեն, սպասում են վերջին օրվան․ «Գալիս են փաստաբաններով, որ վիճարկեն մեր պահանջը։ Ասում են՝ զբոսաշրջիկը գա, չիմանա՞, որ սա կոշիկի խանութ է։ Կարծես զբոսաշրջիկը պիտի գար Հայաստան հենց կոշիկ առնելու»։
Նրա խոսքով՝ իրենց նպատակը տուգանք նշանակելը չէ, այդ գումարը չի գալիս Լեզվի կոմիտեին, իրենց խնդիրը ամենուրեք հայերենի առաջնային լինելն է։
Լրագրողի հարցին՝ թե արդյոք երբեմն օտար բառերի հայկական համարժեքները ավելի բարդ չեն հասկանալու համար, ի պատասխան Դավիթ Գյուրջինյանն արդիական օրինակ բերեց․ «Երբ ասում են դեմարկացիա և դելիմիտացիա, հայ մարդու ականջին այդ բառերը բան ասո՞ւմ են։ Բայց երբ ասում ես սահմանագծում և սահմանազատում, ամեն ինչ տեղն է ընկնում»։