A
A
Պետք է աջակցել ՀԿ-ների կարողությունների զարգացմանը․ ՀՀ ՄԻՊ
Աջակցիր «Ա1+»-ինՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ծովինար Հարությունյանը Կապանում հանդիպել են Կապանում և Գորիսում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ-ը։
Հանդիպումը տեղի է ունեցել Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումում, որի նպատակն է եղել լսել ՀԿ-ների բարձրացրած խնդիրներն ու քննարկել համատեղ աշխատանքի ուղղությունները:
Քննարկման հիմնական թեմաները վերաբերել են կանանց իրավունքներին, նրանց տնտեսական և հատկապես ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը, պատերազմից հետո անվտանգությանը և դրանց ազդեցությանը սոցիալական խնդիրների վրա, երիտասարդության կարիքներին և այլն:
Պաշտպանը կարևորել է հասարակական կազմակերպությունների դերն ինչպես պետական մարմինների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության, այնպես էլ որոշումների կայացման գործում նրանց մասնակցության ապահովման հարցերում:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ծովինար Հարությունյանը ներկայացրել է հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք վերաբերում են հիմնադրամի չորս հիմնական աշխատանքային ուղղություններին՝ վերարտադրողական և մայրական առողջությանը, երիտասարդությանը, կանանց դերի բարձրացմանը և կարողությունների զարգացմանն ու ժողովրդագրությանը:
ՀԿ ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կողմից իրականացվող ծրագրերը, կարիքները, մտահոգությունները կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրների վերաբերյալ և այլն:
Նրանք կարևորել են նաև քաղհասարակություն-տեղական ինքնակառավարման մարմիններ կապի ամրապնդումը և արդյունավետ համագործակցությունը:
Պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը պատրաստակամություն են հայտնել իրենց իրավասության շրջանակում ընդլայնել համագործակցության ուղղությունները: