Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ԱՏՁՄ առաջիկա նախագծերը․ «Դիջիթեք 2021» տեխնոլոգիական ցուցահանդեսի վերաբերյալ ասուլիս․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Տեխնոլոգիական ոլորտի աշխարհի առաջատար ներկայացուցիչները կհավաքվեն մի հարկի տակ՝ Հայաստանում, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին անցկացվելիք «ԴիջիԹեք 2021» ցուցահանդեսի շրջանակներում։ Ասուլիսում այս մասին ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Նա նշեց, որ անցկացվելիք Digitec Expo-ն այս տարի կլինի տեղի ունեցածներից ամենամեծը՝ ավելի քան 1350 քմ ցուցահանդեսային տարածքով, շուրջ 120 մասնակից ընկերություններով և ստարտափերով։ Էքսպոյից բացի հոկտեմբերի 29-31-ը տեղի կունենա Digitec Summit 2021-ը։ Դրանք կանցկացվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Ցուցահանդեսը համալիրում անցկացնելու ընտրությունը պատահական չէ, նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը․ «Մերգելյան կենտրոնում անցկացնելիս մենք լինում էինք 3 հարկի վրա, բավականին նեղ էր տարածքը, յուրաքանչյուր տաղավարին հասնելու հոսքը դժվար էր ապահովել։ Այս անգամ համալիրի ամբողջ սառցադաշտի չորս մուտքն ենք օգտագործելու՝ ավելի հասանելի լինելու համար»։

Բացի հին գործընկերներից, որոնք տաղավարներ են ունեցել նաև նախորդ տարիներին անցկացված «ԴիջիԹեքերին», Քասարջյանը նշեց, որ այս տարի ավելանալու են այլ մի շարք խոշոր ընկերություններ։

Ինչ վերաբերում է ռազմարդյունաբերող ընկերությունների ներկայությանը, նա ասաց, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ բանակցությունների մեջ են, որ հատուկ տարածք հատկացվի տեղական ռազմարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին։

Կարեն Վարդանյանի անվան դրոնների օդանավակայանի վերաբերյալ «Ա1+»-ի հարցին Ալեքսանդր Եսայանը պատասխանեց, որ այն կառուցվում է Կարեն վարդանյանի հիմնադրամի կողմից, սակայն բոլորին հայտնի է, որ դրամահավաք էր կազմակերպվել, որին աջակցել էր նաև ԱՏՁՄ-ն․ «Հիմա արդեն շինարարական աշխատանքները գնում են, ես անձամբ եղել եմ, տեսել եմ, շուտով պատրաստ կլինի առաջին օդանավակայանը։

 Նաև մրցույթ ունեն կազմակերպած որը ԱՏՁՄ-ի, «Արմաթի» ու մյուս IT ընկերությունների երեխաների հավաք է լինելու, որ կարող են մասնակցել մրցույթին։ Եթե չեմ սխալվում՝ սեպտեմբերի 18-ին է լինելու մրցույթն ու սպասելի է, որ այդ ժամանակ պատրաստ կլինի օդանավակայանը»։

Ալեքսանդր Եսայանը խոսեց նաև Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նոր նախարար Վահագն Խաչատուրյանի հետ համագործացության մասին՝ շեշտելով, որ արդեն հանդիպել են նախարարի հետ ու տեղեկացել, որ շարունակվելու են նախորդ նախարար Հայկ Չոբանյանի օրոք նախաձեռնած ծրագրերը։