Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դուրս եկեք դահլիճից, հակառակ դեպքում անվտանգության աշխատակիցները դուրս կբերեն․ Սիմոնյանը՝ Մկրտչյանին (տեսանյութ)

Ազգային ժողովի դահլիճից ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռացրեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանին՝ զրկելով նրան ողջ օրվա ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից։ Նշենք, որ ԱԺ նիստում այսօր ընտրում են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։

Ալեն Սիմոնյանը նախ հորդորեց Աննա Մկրտչյանին դուրս գալ, հակառակ դեպքում խոստացավ՝ անվտանգության աշխատակիցները նրան կհեռացնեն։ Նրա հայտարարությունից հետո դահլիճում աղմուկ սկսվեց, պատգամավորներից մեկն արձագանքեց՝ այդպես խիստ չի կարելի։ Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ ես կորոշեմ՝ ոնց է կարելի։

Նշենք, որ ԱԺ նախագահի այս որոշման պատճառն այն էր, որ Աննա Մկրտչյանն իր ելույթում նշեց, որ այս ամենաթողությունը Ազգային ժողովում և երկրում շարունակվելու է, որովհետև «այդ ամենաթողության հեղինակը Հայաստանն ու Արցախն ավիրած կապիտուլյանտ Նիկոլն ա»։

Արտահերթ ելույթ ունեցավ նաև Ալեն Սիմոնյանը ու ասաց, որ ընդդիմությունը բովանդակային ասելիք չունենալու պատճառով փորձում է վիրավորանքների, պիտակավորումների, չարաճճիության միջոցով աչքի ընկնել․ «Ես դիմում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին՝ եթե դուք չեք կարողանում ձեր գործընկերներին զսպել, դա կանեմ ես։ Ու թող կասկած չլինի, որ անելու եմ ամենախիստ ձևով»։

Նա դիմեց նաև իր խմբակցության անդամներին ու կոչ արեց ամեն սադրանքի չարձագանքել․ «Մարդիկ պարտվել են, շատ մրմռացել են այդ պարտությունից ու այդ մրմուռը մինչև հիմա ոմանց մեջ է։ Չեն հասկանում, թե այդքան փող ծախսելուց, ատելություն տարածելուց հետո ինչպես չհաղթեցին։ Տեղը չեք բերել՝ ուր եք եկել։ Սա ՀՀ Աղգային ժողովն է»։

Ամենախիստ ձևով արձագանքելու է, ասաց Ալեն Սիմոնյանն ու հավելեց, որ եթե ցանկանում են, կարող են դիմել Էթիկայի հանձնաժողովներ, Սահմանադրական դատարան։ Ազգային ժողովը գործելու է բնականոն ձևով։