Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչո՞ւ է Վահե Հակոբյանը դուրս եկել ՀՀԿ-ից և արդյո՞ք կարող է մասնակցել ԶՊԿ-ի հետ կապված քննարկման (տեսանյութ)

Ինչո՞ւ է Վահե Հակոբյանը դուրս եկել ՀՀԿ-ից, հարցրեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Հայաստան» դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանին։ Վերջինս ԱԺ նիստում ներկայացնում էր Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանին։

Ռուբինյանը նշեց, որ ըստ Վիքիպեդիայում տեղադրված՝ Վահե Հակոբյանի կենսագրության, նա 2017թ․ հունվարի 3-ին ընտրվել է ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ․ «Արդյո՞ք տեղեկություններ ունեք, թե ինչու և երբ է պարոն Հակոբյանը դուրս եկել ՀՀԿ-ից»։

Երկրորդ հարցը վերաբերում էր  Վահե Հակոբյանի կապին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ, քանի որ, Ռուբինյանի խոսքով, տնտեսական հանձնաժողովի նախագահ լինելու դեպքում շահերի բախման որոշակի վտանգ կլինի։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ Վահե Հակոբյանը դահլիճում է և առաջին հարցի վերաբերյալ կպատասխանի ավելի մանրամասն։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին՝ ԱԺ կանոնակարգ օրենքն ու պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքը հստակ սահմանում է շահերի բախման, հնարավոր ռիսկերի դեպքում թե՛ պատգամավորի և թե՛ նաև իրավասու հանձնաժողովի վարքագիծը․ «Եթե որևէ ձևով նման ռիսկեր առաջանան, կանոնակարգումը կա, պարզապես մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է բարեխղճորեն կատարել կանոնակարգի պահանջները»։

Նա նաև նշեց, որ իր տեղեկություններով Վահե Հակոբյանը որևէ նյութական մասնակցություն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում չունի։