Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Օգոստոսի 9-ին բարձրաստիճան պաշտոնատար անձինք այցելեցին ոստիկանության ՊՊԾ գունդ (տեսանյութ)

Օգոստոսի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը, ոստիկանության պետի տեղակալներ Կամո Ցուցուլյանը, Վարդան Մովսիսյանը, ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը և այլ պաշտոնատար անձինք այցելեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գունդ։ Այցի նպատակն էր ծանոթանալ նոր ձևավորված պարեկային ծառայության ավտոմեքենաների տեխնիկական հագեցվածությանը։

Պարեկները հյուրերին ներկայացրին ծառայողական մեքենաներում առկա հատուկ միջոցները՝ նշելով յուրաքանչյուրի կիրառման անհրաժեշտությունն ու նշանակությունը կոնկրետ իրավիճակներում։ Ընդգծվեց, որ մեքենաների տեխնիկական հագեցվածությունը բարձրորակ և արդյունավետ ծառայություն մատուցելու գրավականն է։ Այս համատեքստում հատուկ ուշադրության արժանացան ծառայողական մեքենաներում առկա համակարգիչները, որոնցով պարեկները կապ են հաստատում նոր ձևավորված օպերատիվ կառավարման կենտրոնի հետ, ստանում հրահանգներ, կարճ ժամկետում կատարում տրանսպորտային միջոցների և անձանց նույնականացում։

ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին դրական գնահատեց կատարված աշխատանքը։ Ներկաները քննարկեցին ծառայության կատարելագործման, ինչպես և Լոռու և Շիրակի մարզերում առաջիկայում ստեղծվելիք պարեկային ծառայության հետ կապված հարցեր։ Այցելության ավարտին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը հանդիպեց պարեկներին։ Քննարկվեցին գործնականում ծագող խնդիրներ, առաջ քաշվեցին դրանց արդյունավետ լուծման տարբերակներ։ Ոստիկանության պետը պարեկներից պահանջեց ծառայությունն իրականացնել սրտացավ ու բարձր պատասխանատվությամբ՝ նպաստելով հասարակություն-ոստիկանություն կապի ու փոխվստահության ամրապնդմանը։