Բացել լրահոսը Փակել լրահոսը
229967773_1914936902002174_5552065740982803571_n
A A
Հասարակություն

Հղիության ընթացքում մայրը 2 անգամ հիվանդացել է Covid-19-ով, երեխան ծնվել է արատով

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում բուժում է ստանում բնածին ծանր արատով երեխա։ Համալսարանական հիվանդանոցում կատարվել է բարդ վիրահատություն՝ ստամոքսի և բարակ աղու ախիճ հատվածի շրջանցող բերանակցում, որի արդյունքում վերականգնվել է ստամոքս-աղիքային անցանելիությունը։ Նորածնի մոտ ախտորոշվել էր (Situs inversus abdominalis)՝ որովայնի խոռոչի ներքին օրգանների «հայելային» դասավորվածություն։ Ստամոքսը գտվում էր աջից, (նորմայում՝ ձախից) իսկ տասներկումատնյա աղիքը ներկայացված էր կարճ խողովակի տեսքով։ Առկա խնդիրներն առաջացնում էին աղիների բնածին անանցանելիություն։

Կարևոր է ընդգծել, որ մայրը հղիության ընթացքում երկու անգամ հիվանդացել է Covid-19-ով։ Վիրահատությունը կատարվել է վիրաբուժական կլինիկայի վիրաբույժ և ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դասախոս Արման Հարությունյանի և վիրաբուժական կլինիկայի գլխավոր խորհրդատու Ավետիս Ասլանյանի կողմից։ Ախտորոշման և վարման մեջ նշանակալի դեր է ունեցել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Ախտորոշիչ կենտրոնի ռենտգեն ծառայության պատասխանատու, Ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս Նունե Գզոյանը:

Մանկական վիրաբույժները, նեոնատոլոգները և մանկաբույժները համատեղ ուժերով շարունակում են պայքարը երեխային առողջացնելու ուղղությամբ։ Ինչպես նաև կատարվում է ամենօրյա խորհրդակցություն ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ։ Հավելենք, որ տվյալ նյութի հիման վրա համալսարանական մասնագետները պատրաստելու են գիտական հոդված, որը կուղարկվի ազդեցության գործոն ունեցող միջազգային բժշկական ամսագիր՝ տպագրության: