Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ ԹԱՓՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԱՐՅՈՒՆԸ

Քաղաքականություն

Արդեն օրինաչափ է դառնում, որ Աջափնայկ համայնքի թաղապետի ընտրությունները հատկապես արյունալի են լինում: Նախորդ ընտրությունների ժամանակ հենց ընտրությունների օրը այդ համայնքում լսվեցին կրակոցներ: Այս անգամ իրադարձությունները ծավալվում են դեռ նախընտրական շրջանում:

Նախընտրական գործունեության հետ կապված վիրավորներ գրանցվեցին հոկտեմբերի 22 լույս 23 գիշերը, երբ Աջափնյակի թաղապետի թեկնածու Արման Սահակյանի նախընտրական ենթաշտաբը, որը գտնվում է Շիրազի փողոցի բնակելի շենքի տակ, փակելու ժամանակ մարդկանց մի խումբ՝ հայհոյանքով եւ թեկնածուի գովազդային պաստառները պոկելով հարձակվել է ենթաշտաբի աշխատողի վրա:

Օրինախախտների գործողություններից տուժել են նաեւ ենթաշտաբի հարեւանությամբ կրպակ ունեցող ամուսինները, որոնց կրպակում պարզապես փակցված է եղել Արման Սահակյանի պաստառը: Ներկա դրությամբ կա 3 վիրավոր՝ կրպակատերը ստացել է մարմնական թեթեւ վնասվածք, կինը՝ ուղեղի ցնցում, իսկ ենթաշտաբի աշխատողը, որը Լաչինի պատերազմի մասնակից է եղել եւ վիրավոր ազատամարտիկ է ներկա դրությամբ, առողջական ծանր վիճակով գտնվում է հիվանդանոցում:

Այս դեպքի ժամանակ կրակոցներ չեն հնչել, այլ կիրառվել են դանակներ: Դեպքի կապակցությամբ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունն առայժմ հանդես չի եկել համապատասխան հայտարարությամբ:
«Ես ամբողջ գիշեր անցկացրել եմ հիվանդանոցում, հազիվ փրկվել է երիտասարդը եւ դեռեւս իմ կուսակիցների հետ չեմ խոսել»,- ասում է Արման Սահակյանի հայրը՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Գալուստ Սահակյանը:

Դեպքի կապակցությամբ արդեն կան ձերբակալվածներ եւ ոստիկանությունն առայժմ շարունակում է հետաքննությունը: Ձերբակալվածներն այն անձիք են, որոնց անուններն ու արտաքինները նկարագրել են տուժածները: Դեպքի առնչությամբ առայժմ ոչ մի թեկնածուի անուն չի շահարկվում, սակայն, Գալուստ Սահակյանն արդեն տալիս է որոշ որակումներ. «Ոչ թե մրցակցային պայքար է գնում, այլ նորից ձեւավորված մի ոհմակ, որն ամեն կերպ մեկ ամիս անընդհատ հասարակության առջեւ խոսում է արյուն թափելու մասին»: