Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդվարդ Հովհաննիսյան
A A
Քաղաքականություն

Պետեկամուտների կոմիտեի նախագահ հրաժեշտի խոսքը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հրաժեշտի խոսքը․

Սիրելի հայրենակիցներ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարգելի գործընկերներ Մեր Հայրենիքի համար այս բարդագույն պատմական ժամանակահատվածում Պետական եկամուտների կոմիտեի անձնակազմի անձնուրաց և սրտացավ աշխատանքի շնորհիվ հաջողվել է պատշաճ մակարդակով իրականացնել օրենքով մեզ վերապահված գործառույթները, հակազդել ամենատարբեր բնույթի մարտահրավերների և ապահովել մեր երկրի տնտեսական սահմանների անվտանգությունը:

Պետական եկամուտների կոմիտեում իմ աշխատանքի ուղենիշներից են մշտապես եղել Հայաստանի Հանրապետության տնտեսական սահմանների անվտանգության ամրապնդումը, բոլորի համար տնտեսական գործունեության համահավասար դաշտի և օրենքի գերակայության ապահովումը, օրինապահ տնտեսվարողների համար գործունեության առավել բարենպաստ պայմանների ստեղծումը, ինչպես նաև` արատավոր երևույթների և հանցավորության դեմ անզիջում պայքարը:

Պետության առջև ծառացած մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն համախմբված և համառ աշխատանքով: Գոհունակությամբ կարող եմ փաստել, որ այդ ուղղությամբ ՊԵԿ անձնակազմը ջանք ու եռանդ չի խնայել, գործել է առավելագույն նվիրվածությամբ և սրտացավությամբ:

Պետական եկամուտների կոմիտեի ողջ անձնակազմին հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը: Մեր առջև դրված խնդիրների լուծմանը նպաստելու, արդյունավետ և բեղմնավոր համագործակցության համար շնորհակալություն եմ հայտնում նաև պետական բոլոր մարմիններին և գործընկեր կազմակերպություններին: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս պատասխանատու ժամանակակահատվածում ՊԵԿ ղեկավարությունը ինձ վստահելու համար: Պետական եկամուտների կոմիտեի հաջորդ ղեկավարին մաղթում եմ հայրենանվեր և արգասաբեր աշխատանք՝ ի նպաստ մեր պետության առաջընթացի և զարգացման: