Բացել լրահոսը Փակել լրահոսը
ֆոտո 2
A A
Պաշտոնական

Հաշմանդամություն ունեցողները կարող են համակարգիչն աշխատեցնել 11 ստեղն ունեցող ստեղնաշարով կամ աչքի թարթումով

Նորագույն տեխնոլոգիական միջոցներ, որոնք հաշմանդամություն ունեցող անձին հնարավորություն են տալիս օգտվել համակարգչից 11 ստեղն ունեցող ֆունկցիոնալ ստեղնաշարի կամ պարզապես աչքերը թարթելու միոջոցով․ ԱՍՀՆ խնամքի հաստատությունների, հատուկ և ներառական կրթություն իրականացնող դպրոցների և այլ կենտրոնների ավելի քան 70 մասնագետ այսօրվանից սկսել է ծանոթանալ  առաջարկվող նոր տեխնոլոգիաներին, գործնականում կիրառել դրանք։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը գործադրում է բոլոր ջանքերը` ապահովելու և խթանելու հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումն ու վերականգնումը:

Իրենց կողմից ստեղծած սարքավորումները հայ գործընկերներին անձամբ ներկայացնելու նպատակով էլ այս օրերին Հայաստանում են «Кey2enable» կազմակերպության ներկայացուցիչները։ «Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին և լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում հաշմանդամության ոլորտում․ վառ օրինակ է վերջերս  «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի ընդունումը, որի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովումն է` միջազգային չափանիշներին համապատասխան»,- նշել է Նարեկ Մկրտչյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ օգոստոսի 2-ից 4-ն անցկացվող վերապատրաստման դասընթացները հնարավորություն կտան լիարժեք պատկերացում կազմել «Кey2enable» կազմակերպության կողմից ներկայացվող տեխնոլոգիաների մասին և դիտարկել դրանք Հայաստանում կիրառելու արդյունավետության և հնարավորությունների մասին։

Նախարար Մկրտչյանը խոսել է նաև նախարարության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումների ու այլ ծրագրերի մասին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ այսօր կայացած միջոցառումը կվերածվի բազմաթիվ կյանքեր փոխելու հնարավորության և իր նպաստը կբերի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միասնական ջանքերին։ Մի քանի գունեղ ստեղների միջոցով նախադասություններ գրելու, համակարգչով հեշտ ու մատչելի աշխատելու և խաղալու մասին մասնակիցներին  պատմել է «Кey2enable» կազմակերպության ղեկավար և համահիմնադիր Ջոուզ Ռուբինգերը՝ նշելով, որ  իրենց կողմից ստեղծված ներառական հարթակը հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կտա ժամանակակից գործիքներն արդյունավետ օգտագործելու միջոցով հաղորդակցվել, սովորել և լիարժեք մասնակցել հասարակական կյանքին։ Բացման արարողությանը ելույթ են ունեցել նաև ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ԱլՍալամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կրթության գծով մասնագետ Ալվարդ Պողոսյանը ՝ հույս հայտնելով, որ նախաձեռնությունը նոր հնարավորություններ կստեղծի հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ինքնադրսևորվելու համար, կխթանի Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների շահերի և իրավունքների առաջխաղացումը։ Միջոցառումն իրականացվել է ԱՍՀՆ նախաձեռնությամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖԻ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն