Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վանեցյանը նստում է Փաշինյանի նախկին տեղում (տեսանյութ)

Ազգային ժողով գալով «Պատիվ ունեմ» դաշինքը չի հրաժարվել իրենց հիմնական պահանջից, այն է՝ այս իշխանություններին րոպե առաջ հեռացնելը։ Ճեպազրույցում այս մասին ասաց 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ Ազգային ժողովը լրացուցիչ հարթակ և գործիք է իրենց նպատակին հասնելու համար․ «Եթե ինչ-որ մեկին թվում է, որ մենք պետք է գանք այստեղ և բնականոն պայմաններում, բնականոն ընթացքով աշխատենք, ուրեմն սխալվում են։ Մեր երկիրը չի գտնվում նորմալ վիճակում»։

Իշխանության հետ համագործակցելու մասին Վանեցյանը նշեց, որ եթե ԱԺ կբերվի Հայաստանի ժողովրդի և պետական շահերից բխող օրինագիծ, նրանք պատրաստ են և պարտավոր են կողմ քվեարկել։ Ուրիշ տարբերակով իշխանության հետ համագործակցություն չեն տեսնում։

Լրագրողը նշեց, որ Ազգային ժողովում Արթուր Վանեցյանը նստում է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի տեղում, դրանից առաջ այնտեղ նստում էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և նրանք միշտ սուր ելույթներ էին ունենում այդտեղից, արդյոք սուր ելույթները ԱԺ-ում հենց այդ աթոռից կշարունավե՞ն, Վանեցյանը պատասխանեց, որ ԱԺ դահլիճում նա նստում է ՀՀ ԱԺ պատգամավորի համար նախատեսված տեղում, այլ ոչ թե ինչ-որ մեկի․ «Սուր ելույթների պակաս, հավատացեք, չի լինելու այս ԱԺ-ում»։

Առավոտից լրագրողներին անհանգստացնում էր ՊՊԾ աշխատակիցների մեծաքանակ խմբերի առկայությունը ԱԺ միջանցքներում ու նաև լրագրողների համար տեղաշարժի սահմանափակումները, և հարցին, թե իրոք որևէ լուրջ վտանգի սպառնալիք Վանեցյանը տեսնում է, նա պատասխանեց, որ անվտանգությունը կարևոր է և պետք է ապահովել։

«ԱԺ շենքը պետական պահպանության օբյեկտների շարքին է դասվում և այստեղ, համաձայն այդ օրենքի, պետք է իրականացվի պահպանությունը։ Բայց, երբ մուտք են գործում ԱԺ, բոլոր մուտքերի մոտ կան մետաղորսիչ սարքեր, որոնցով անցում են մարդիկ՝ զենք, արգելված իրեր հայտնաբերելու համար։ Ոչ ոք չի առարկում, որ ԱԺ մուտքերում այդ սարքերն անհրաժեշտ են։ Բայյց ԱԺ ներսում և հատկապես դահլիճ մետաղորսիչներով անցնելուց հետո մուտք գործելը ծիծաղելի է»։

Նրա կարծիքով՝ այդ ճանապարհով իշխանությունը կա՛մ ցանկանում է ազդել ընդդիմության նյարդերի վրա, կա՛մ սարսափած է նրանից․ «Ես զարմանում եմ այդ միջոցառումների վրա և կարծում եմ, որ ժամանակավոր բնույթ է կրելու»։

Լրագրողների տեղաշարժը սահմանափակելն էլ, նրա խոսքով, անթույլատրելի է։ ԱԺ-ն այն մարմինն է, որտեղ լրագրողները պետք է գտնվեն մշտապես, ազատ շրջեն ու կարողանան իրենց աշխատանքով հանրությանը ներկայացնել պատգամավորների, ժողովրդի ընտրայլների կարծիքը, գործունեությունը և այլն։