Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Կրեմլը նպատակ ունի Հայաստանը հանձնել Թուրքիային և հեռանալ Կովկասից․ ԱԺԲ ասուլիսը (տեսանյութ)

Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցությունը երբեք դեմ չէ սահմանազատման-սահմանանշման գործողություններին, սակայն պետք է ժողովրդին թյուրիմացության մեջ չգցել։ Ասուլիսում ասաց ԱԺԲ անդամ Վահե Գասպարյանն ու նշեց, որ Կրեմլը, Բաքուն, Անկարան և այս իշխանությունները սահմանազատում ասելով՝ հասկանում են ԽՍՀՄ-ից ժառանգած անօրինական և հանցավոր ՀԽՍՀ սահմանները, որոնց լեգիտիմացմամբ կփակվի հայկական և Արցախի հարցը։

«Կրեմլը նաև նպատակ է հետապնդում Ռուսաստանի տնտեսական-քաղաքական թուլացման պատճառով, լեգիտիմացնելով այս սահմանները և օրինականացնելով Մոսկովյան պայմանագրի դե ֆակտո գոյություն ունեցող սահմանները, Հայաստանը հանձնել Թուրքիային և հեռանալ Կովկասից։ Դրա միակ ելքն այն է, որ հայ ժողովուրդն ի վերջո հասկանա այս ամենը, և ժողովրդի գիտակից, մտածող, հայրենասեր հատվածը դուրս գա փողոց և իր կամքը պարտադրի ռուս-թուրքական դաշինքին», - ասաց Վահե Գասպարյանը։

Ասուլիսը ԱԺԲ-ն անցկացնում էր Ազատության հրապարակում և կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ սա նշան է ավելի ակտիվ քայլեր իրականացնելու, իսկ թե երբ և ինչպես, դեռևս չեն կարող հայտնել․ «Ժողովուրդը պետք է համախմբվի, կուտակի այնքան ուժ, որ կարողանա իր կամքը պարտադրել այս ռուս-թուրքական ծրագրերն իրականացնող իշխանություններին»։

Ավետիսյանի խոսքով՝ երբ ասում են կամք պարտադրել, նշանակում է՝ պետք է լինեն գործողություններ ու նաև քաղաքացիական անհնազանդություններ․ «Մենք հիմա տեսնում ենք, որ այդ քայլերն անելը ժողովրդի մոտ դեռ չի հասունացել, այս ասուլիսով և մեր մնացած քայլերով այդ հասունացման ենք նպաստում։ Թող ոչ ոք չնեղանա՝ մենք երբեմն-երբեմն կսմթելու ենք»։

Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարծես թե հարցի լուծում առաջարկեց՝ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս հենակետերի տեղակայում։ Հարցին՝ արդյո՞ք սա իրոք կարող է լուծում լինել, դիվանագետ, ԱԺԲ անդամ Արա Պապյանը պատասխանեց, որ դա չի կարող լուծում լինել, որովհետև սահմանի հատվածներ կան, որտեղ արդեն կան ռուսական հենակետեր, բայց դրանցից 300 մետր անդին կան կրակոցներ։

«Ռուսաստանի նպատակն է Ադրբեջանին բերել ԵԱՏՄ։ Հիմա, բնականաբար, Ադրբեջանը պահանջում է Մոսկվայից, որ դե ֆակտո ռազմական հաղթանակը պետք է դե յուրե ամրագրվի, այսպես կոչված, խաղաղության պայմանագրով», - ասաց Արա Պապյանը։

Վահե Գասպարյանը շեշտեց, որ ՀՀ սահմանները որոշվել և ճանաչվել են միջազգային հանրության կողմից և հատկապես արևելյան սահմանները՝ Ազգերի լիգայի Փարիզյան վեհաժողովի հատուկ հանձնաժողովի զեկույց-առաջարկով, 1920թ․ փետրվարի 24-ին և ըստ այդ որոշման թե՛ Լեռնային Արցախը, թե՛ Նախիջևանը ՀՀ անբաժանելի մաս են։

«ԱԺԲ-ն ելնում է միայն այս որոշումներից, և իր քայլերը կատարելու է այս տրամաբանությամբ։ Եվ վերջում՝ ինչո՞ւ է ռուս-թուրքական դաշինքը հիմա շտապում, որովհետև գնալով արևմուտքի քայլերն ավելի կտրուկ և վճռական են դառնում մեր տարածաշրջանում, և Ռուսաստանը կանգնած է լրջագույն փոփոխությունների առջև», - ասաց Վահե Գասպարյանը։