Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Զբոսաշրջիկները Հայաստան չեն գալիս կորոնավիրուսի և անկայուն իրավիճակի պատճառով (տեսանյութ)

Հիմա ճամփորդելը դժվար է, եթե հնարավոր է, և շատ դժվար է ապագայի պլաններ կազմելը։ Հույս ունենք, որ դժվարությունները ետևում են, և մենք կվերադառնանք մեր նախկին ծավալներին։  Թբիլիսի-Երևան տեսակամուրջի ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի անդամ Մարինե Կրպեյանը, ով նաև ներգնա տուրիզմի ոլորտում խոշոր տուրօպերատոր «Արմենիա թրավել» ընկերության հիմնադիր սեփականատերն է։

Հիմնականում Եվրոպայի, հատկապես՝ Արևմտյան Եվրոպայի շուկայի հետ աշխատող ընկերության ղեկավարը հայտնեց, որ գործընկերներ ունեն ամբողջ աշխարհից։ Չնայած այդ ամենին՝ չեն կարող ասել, որ ՀՀ եկող զբոսաշրջիկների հոսքի նախկին՝ 2019-ի ծավալները վերականգնվում են։

Կրպեյանը մեծ հույսեր է կապում «բարձր սեզոնի»՝ օգոստոսի վերջից մինչև նոյեմբերի կեսերն ընկած ժամանակահատվածի հետ, քանի որ այդ ամիսներին է դիտվում ՀՀ ժամանող զբոսաշրջիկների ամենամեծ քանակը։ Իրենք, սակայն, առայժմ ոչ մի կանխատեսում չեն կարող անել, քանի որ չեղարկումները դեռևս շարունակվում են՝ պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով և պատերազմից հետո ՀՀ սահմաններին հրահրվող սադրանքներով։ Կան ոչ մեծ խմբեր, որոնք ժամանում են Գերմանիայից և եվրոպական այլ երկրներից․ «Եվրոպացիները 1 կամ գոնե կես տարի առաջ ամրագրումներ են անում։ Անցյալ տարի մեզ մոտ արված ամրագրումները տեղափոխվել են այս տարի։ ԱՊՀ երկրներից հոսք չունենք, ունենք միայն Ռուսաստանից, որոնք «կազմակերպված զբոսաշրջիկներ» են՝ գալիս են խմբերով, իրենց տուրօպերատորների միջոցով։ Իրավիճակը բարդացնող և դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքին խոչընդոտող ևս մեկ պատճառ են կորոնավիրուսի թեսթերը»։

Ի տարբերություն «Արմենիա թրավել»-ի ղեկավարի, տեսակամուրջին մասնակցող մյուս բանախոսը՝ Վրաստանի Զբոսաշրջության ասոցիացիայի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար, տուրիստական «Check in travel» ընկերության սեփականատեր Իյա Գեդևանիշվիլին, բավականին գոհ է այս տարի իրենց երկիր եկող տուրիստների մեծ քանակից։

«Օրական 3 չվերթ ունենք Բելառուսից, 2-ը՝ Ուզբեկստանից։ Կան զբոսաշրջիկներ նաև Ղազախստանից՝ չնայած անձրևներ են տեղում, իսկ սեզոնն էլ այն սեզոնը չէ․ խոսք անգամ չի գնում 2019-ի հոսքին վերադառնալու մասին, սակայն լավ է, որ կա»,- ասաց նա։

Գեդևանիշվիլին հույսեր չի կապում սեզոնի հետագա ակտիվության հետ, քանի որ Վրաստանում կա անկայուն իրավիճակ, երկիրն արդեն «Կարմիր գոտու» երկրների շարքում է, կան լուրջ չեղարկումներ։ Եվրոպացի զբոսաշրջիկների հոսքի նվազման ևս մեկ պատճառ է Վրաստանի պատվաստված բնակիչների խիստ փոքր քանակը․ նրանք ուղղակի վախենում են են այստեղ գալ, ինչը չի կարելի ասել ուկրաինացիների, բելառուսների և ուզբեկների մասին։ Նույնը չի կարող ասել ռուս զբոսաշրջիկների մասին, որոնք հատուկենտ են և գալիս են սեփական նախաձեռնությամբ։

Գեդևանիշվիլիի կարծիքով՝ վրացիները ՀՀ գալու մասին անգամ չեն էլ մտածում, չնայած մինչև Երևան ընդամենը 3 ժամվա ճանապարհ է։ Նրանք Հայաստանի մասին ինֆորմացիա չունեն՝ չկա գովազդ, չկա առաջխաղացում հայաստանյան տուրիստական ընկերությունների կողմից, իսկ երբ չկա առաջարկ, չկա նաև պահանջարկ։ Ելնելով իրենց փորձից՝ նա հայ գործընկերներին խորհուրդ տվեց զբաղվել ներքին տուրիզմով, քանի որ կորոնավիրուսը ոչ մի տեղ չի գնալու, իսկ երբ գնալու տեղ չկա՝ մարդիկ սկսում են շրջագայել իրենց երկրում։