Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Տոկիոյում գտնվող՝ Ֆիզիկայի և մաթեմատիկայի Կավլի ինստիտուտ (տեսանյութ)

Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Տոկիոյում գտնվող՝ Ֆիզիկայի և մաթեմատիկայի Կավլի ինստիտուտ (Kavli IPMU): 2007 թվականին հիմնադրված հաստատությունը ֆիզիկամաթեմատիկական ոլորտում հիմնարար հետազոտությունների իրականացման կենտրոն է: Ինստիտուտը ներկայումս համարվում է ամենագրավիչ հետազոտական կենտրոններից մեկը աստղաֆիզիկայի, տարրական մասնիկների ֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտներում աշխարհի առաջատար հետազոտողների համար:

Նախագահ Սարգսյանը շրջել է գիտահետազոտական կենտրոնի տարածքում, ծանոթացել ինստիտուտի գործունեությանն ու ծրագրերին, հանդիպել ինստիտուտի ղեկավար կազմի հետ: Ինստիտուտի տնօրեն Հիրոսի Օգուրին նախագահ Սարգսյանին ներկայացրել է իրենց գործունեության հիմնական ուղղություններն ու իրականացվող հետազոտական ծրագրերը:

Քննարկվել են Կավլի ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի ու ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի միջև փոխգործակցության հնարավորությունները: Նախագահ Սարգսյանը ինստիտուտի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու գալիք տարի Հայաստանում նախատեսվող Գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնին: Նախագահ Սարգսյանը հանդիպել և զրուցել է նաև ինստիտուտում հետազոտական աշխատանքներ իրականացնող երիտասարդ հայ մասնագետների հետ: