Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վերին Շորժա
A A
Հասարակություն

Այժմ կրակոցների անմիջական թիրախում են Կութ, Վերին Շորժա գյուղերը․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջումգրել է․

Ժամը 10:30-ի դրությամբ ահազանգեր են ստացվում քաղաքացիական բնակիչներից, որ ադրբեջանական զինված ուժերը կրակում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ: Հատկապես խոցելի վիճակում, կրակոցների անմիջական թիրախում են Կութ, Վերին Շորժա գյուղերը:

Կրակոցները ինտենսիվ են, արձակվում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունն այն մասին, որ ադրբեջանական այս մարտական հարձակումներն ունեն քաղաքական դրդապատճառներ: Ուստի, Պաշտպանը հրավիրում է միջազգային կազմակերպությունների ուշադրությունն այդ հայտարարությանը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ստուգած փաստերը հաստատում են, որ կրակոցներն անընդհատ հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, այդ կրակոցները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ, ունեն միասնական դիտավորություն, խախտում են ՀՀ քաղաքացիական բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը: