Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Դելտա շտամը Հայաստանում հայտնաբերված չէ, բայց շրջանառվում է. Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)

Հայաստանում այժմ թեև կորոնավիրուսով վարակվածների թվի աճ կա, սակայն այդ աճը կտրուկ չէ, աստիճանական է, սակայն առաջիկայում, մանավանդ աշնան առաջին կեսին, նոր ալիքի վտանգ կա։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

Նոր դելտա շտամ էլ, նրա խոսքով, այս պահին Հայաստանում սեգմենավորած օրինակ չկա, սակայն Հայաստանում էլ շրջանառվում է․ «Մենք ունենք բաց սահմաններ և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ, որտեղ հայտնաբերված է։ Եվրոպական շատ երկրներում էլ այդ շտամը մեծամասնություն է կազմում»։

Քովիդ-19-ի դեմ պատվաստումները խթանելու համար շատ երկրներում մեքենաներ են խաղարկում պատվաստված մարդկանց մեջ, լրագրողը հարցրեց, թե արդյոք Հայաստանում էլ նման խաղարկություններ ու մարդկանց ոգևորող միջոցառումներ նախատեսվում են, Ավանեսյանը նշեց, որ նույնպես հետաքրքիր գործիքակազմ են մտածել, սակայն մշակութային ուղղությամբ։

«Շուտով վիճակահանությամբ պատվաստվողները կունենան թատրոնների, օպերաների, մշակութային միջոցառումների մասնակցության տոմսեր։

Հունաստանում, օրինակ, երիտասարդներին փոքր դրամական փոխհատուցում են տալիս նոր ուսումնական տարվա սկզբին», - ասաց Ավանեսյանը։

Հարցին՝ պատվաստումները պարտադիր կդառնա՞ն արդյոք, նա նշեց, որ ոչ թե պարտադիրի, այլ սահմանափակումների փաթեթ են մշակում և կներկայացնեն օգոստոսի երկրորդ կեսին․ «Ես պետք է նշեմ, որ սա հանրային վտանգ ներկայացնող հիվանդություն է, մենք տեսնում ենք, որ երբ այն դուրս է գալիս կառավարելիության շրջանակներից, ինչ իրավիճակում են հայտնվում երկրները»։