Բացել լրահոսը Փակել լրահոսը
222316417_2993877454186697_6148893973285684569_n
A A
Պաշտոնական

Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Աթենքում է

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մեկնել է Հունաստան` մասնակցելու Աթենքում ընթացող բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթնաժողովին: Այն անցկացվում է Հունաստանի կառավարության բարձր հովանու ներքո` Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի գրասենյակի հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Գագաթնաժողովին մասնակցում են ԱՀԿ անդամ-պետությունների քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտային փորձագետներ: Պատվիրակությունները քննարկել են COVID-19 համավարակի համատեքստում հոգեկան առողջության պահպանմանն ուղղված կարևորագույն հարցեր, այդ թվում` հասարակության` համաճարակից հետո վերականգնման, նախկին համակարգերի բարելավման և առողջապահական համակարգի խափանումների հետևանքների հաղթահարմանն ուղղված խնդիրներ:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն իր ելույթում նշել է, որ COVID-19 համավարակի առաջին ամիսներին Հայաստանում հայտարարվել է լոքդաուն, ինչի արդյունքում մարդկանց առանձին խմբեր, անհատներ մեկուսացվել են։ Բնականաբար, նմանատիպ միջոցառումներն այդ փուլում անհրաժեշտ և միակ միջոցն էին պայքարելու վիրուսի տարածման դեմ: Սակայն, հասկանալի է նաև, որ մարդկանց մեկուսացումը չէր կարող իր բացասական ազդեցությունը չթողնել հոգեկան առողջության վրա։ Այդ ընթացքում առողջապահության համակարգն առերեսվել է մի շարք խնդիրների հետ. բնակչության հարաճուն տագնապներ, լարվածություն, համավարակի հետագա զարգացման վատագույն սցենարների սպասումներ...:

«COVID-19 համավարակի հայտարարման առաջին իսկ ամիսներից արձանագրվել է հոգեբանական և հոգեբուժական ծառայությունների անհրաժեշտության զգալի աճ: Հայաստանում հոգեբանական անվճար աջակցություն են ստացել վերապրոֆիլավորված հիվանդանոցներում բուժվող քաղաքացիները, բուժաշխատողները, ինչպես նաև առավել խոցելի խմբերում ընդգրկված անձինք: Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են գտնվել հոգեկան առողջության կենտրոններում բուժվող, խնամքի մեջ գտնվող պացիենտները»,- ասել է Անահիտ Ավանեսյանը` հավելելով, որ 2020 թվականի մայիս-հունիսին իրականացված հետազոտության արդյունքները հաստատել են նախնական մտավախությունները և փաստել, որ բնակչության 40%-ի մոտ, կորոնավիրուսի տարածման հետ կապված, առկա է միջին և ծանր աստիճանի սթրես, ինչպես նաև սոմատիզացված հոգեբանական խնդիրներ են հայտնաբերվել բնակչության 20%-ի մոտ:

Ամփոփելով ելույթը` առողջապահության նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ ներկայումս իրավիճակն այլ է: COVID-19–ի դեմ պատվաստանյութերի առկայությունը որոշակի հույս է ներշնչում մարդկանց, որ վտանգը կարող է հաղթահարվել: Մյուս կողմից Հայաստանին դեռ չի հաջողվել ապահովել բնակչության պատվաստումների լայնածավալ ընդգրկում, մեծապես՝ ապատեղեկատվության և ոչ մասնագիտական մեկնաբանությունների պատճառով:

Անահիտ Ավանեսյանը վստահություն է հայտնել, որ ընթացող իրազեկման աշխատանքների արդյունքում հնարավոր կլինի հաղթահարել խոչընդոտները: