Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բաքուն նպատակ ունի խափանել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների իրագործումը․ Փաշինյան (տեսանյութ)

Ցավոք, մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված․ այս մասին այսօր կայացած Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա մասնավորապես նշել է՝

«Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար: Այս համատեքստում նախ ուզում եմ ընդգծել այն առանցքային դերը, որ կատարում է Ռուսաստանի Դաշնությունը մեր տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունն ապահովելու գործում: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միացյալ խմբավորումը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունն անկյունքարային նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում:

Միևնույն ժամանակ՝ շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով:

Ինչպես և նախկինում, Հայաստանը շատ կարևոր և առաջնային է համարում տարածաշրջանային կումունիկացիաների բացումը, և մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքն այս ուղղությամբ՝ կոնկրետ արդյունքների հասնելու ակնկալիքով: Ակնկալում ենք, որ Ադրբեջանն օր առաջ կկատարի գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու իր ստանձնած գրավոր պարտավորությունը:

Սույն թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի կողմից Սոթք-Խոզնավար հատվածում Հայաստանի Հանրապետության սահմանի խախտումն անընդունելի է: Վերահաստատում ենք Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների՝ հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման, ռուս սահմանապահների և միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման մեր առաջակը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ: Վերահաստատում ենք նաև խաղաղ բանակցությունները վերսկսելու՝ նախկինում մեր արտահայտած պատրաստակամությունը:

Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն այլընտրանք չունի, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանձնառու է իրացնել Հայաստանի, Արցախի և ընդհանրապես՝ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու Հայաստանի Հանրապետության ժողովրդից ստացած մանդատը»: