Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ Հասարակություն

«Թիկունքը մշակույթ, սահմանը՝ կենտրոն» (տեսանյութ)

Սահմանամերձ համայնքներ մշակութային լայնածավալ այցեր են սկսվում «Թիկունքը մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրով, քանի որ ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի կարծիքով, ճգնաժամային և դժվար իրավիճակներից դուրս գալու լավագույն ճանապարհը մշակույթն է։

Ասուլիսում նա նաև նշեց, որ պետական աջակցություն ստանալու համար մշակութային այն նախագծերն էին առաջին տեղերում, որոնք մասամբ կամ ամբողջությամբ իրականացվում են սահմանամերձ համայնքներում։ Դժվար ժամանակներում, նրա խոսքով, կարևոր է, որ ցանկացած քաղաքացի, ոլորտ ու կառույց ճիշտ գնահատի իր պատասխանատվության չափը։

Ծրագիրը շատ հագեցած է և սկսելու են այն իրականացնել հուլիսի 28-ից, ասաց Երևանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, և առաջին ուղղություններն են Բերդը, Ճամբարակն ու Վարդենիսը։ Դեկտեմբերին արդեն կլինեն Մեղրիում, Գորիսում, Կապանում ու Արցախում։

«Այս անգամ ծրագիրը չի սահմանափակվում միայն ներկայացումներ ցուցադրելով, մենք այդ վայրերում կանցկացնենք նաև տիկնիկներ պատրաստելու վարպետության դասեր, հանդիսատեսի հետ հարց ու պատասխաններ։ Միշտ ասել եմ, որ երկիրը կառուցվում է սահմաններից», - ասաց Ռուբեն Բաբայանը։

Հուլիսի 28-ին ցուցադրելու են Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» ներկայացումը, որը շրջել է ամբողջ աշխարհում և ցանկացած երկրի մարդիկ ներկայացումից հետո ասում են՝ սա մեր մասին է։ Բաբայանի խոսքով՝ քանի որ այս հեքիաթն արդեն Արցախում բեմադրել են, այնտեղ կտանեն Թումանյանի մյուս հեքիաթը՝ «Սուտլիկ որսկանը»։

Տիկնիկավար Աղասի Մելքոնյանը նույնպես կարևորում է երեխաների ու հանդիսատեսի հետ ինտենսիվ շփումը։ Նա նշեց, որ բոլոր տեղերում, որտեղ լինելու են ու բեմադրություններ են իրականացնելու, նաև կարդալու են հեքիաթ ու փորձելու են երեխաների հետ միասին բեմադրություն կազմակերպել, սովորեցնել որոշ գաղտնիքներ ու նրբություններ։ Եվ որպեսզի ամեն ինչ հարմարեցված լինի ավելի, Աղասի Մելքոնյանի խոսքով, դրանք կպատրաստվեն թղթից։

Սահմանամերձ համայնքների այցերին միանալու է նաև Հայաստանի երգի պետական թատրոնը։ Տնօրեն Արմեն Սարգսյանի խոսքով՝ այցելելու են Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզեր՝ սկսած հուլիսի վերջից։ Համերգներ ունենալու են նաև մի քանի զորամասերում։