«Պատգամավոր Հրաչ Հակոբյանը, որն այս թատրոնից էր, հիմա գտնում է՝ 5 թատրոնն էլ երկրին բավարար է» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊետական կամերային երաժշտական թատրոնն այսօր հանդիպման էր հրավիրել լրագրողներին ու մտավորականներին։ Խնդիրը՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հետ իրենց թատրոնին միավորելու ԿԳՄՍ-ի աբսուրդ նախագիծն է։
«Երկու թատրոնների համար ընդհանուրը, միավորողը երաժշտական և թատրոն բառերն են»,-հեգնանքով ասաց Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանն ու հավելեց, որ, եթե թատրոնները միավորեն, կլինի աղետալի մի բան, և դերասանները վաղ, թե ուշ կկորցնեն իրենց աշխատանքը»։
Նրա խոսքով, քառասուն տարիների ընթացքում, ինչ նա ծառայում է թատրոնում, չի տեսել, որ մի ոլորտի խնդիրը լուծվի մյուսի հաշվին, ի նկատի ունենալով այն, որ շենքը տրամադրվելու է Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբին, որպես փորձասենյակ։
«Ա1+» -ի հարցին, թե ինչպես կարելի է մեկնաբանել, որ թատրոնների միավորվելու դեպքում, պետական կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական խմբին ԿԳՄՍ-ն խոստանում է տրամադրել ֆինանսական աջակցություն, հյուրախաղերի և նոր բեմադրություններ իրականացնելու հնարավորություն, թատրոնի գլխավոր ռեժիսորը պատասխանեց․
«Սա նման է առուծախի։ Մինչ օրս, որևէ օգնություն չի ցուցաբերվել։ Ինչ արել ենք, մեր արտաբյուջեի հաշվին ենք արել: Պետությունից ստանում ենք միայն աշխատավարձ և որոշակի տոկոս գազի ու էլեկտրաէներգիայի համար: Եվ այս դեպքում մեզ առաջարկել այդ առատության եղջյուրը, որ մենք կունենանք այս ամենը՝ նման է կաշառքի»:
«Պարոն Խզմալյանը համարում է, որ այս թատրոնը մեռած է։ Անախրոնիզմ է համարում մեր այն արտահայտությունները, որ թատրոնը տաճար է, տուն է։ Եթե սա անախրոնիզմ է, ապա ԿԳՄՍ-ն՝ ատավիզմ է»։
«Եթե երկու թատրոններն էլ դեմ են, Հայաստանի պետական սիմֆոնիկն էլ «50-50» դեմ է, բռնի ուժո՞վ են փակելու»,- ասաց դերասանուհի Լալա Մնացականյանը։
Հիշեցին, թե ինչպես փակվեց ու վաճառվեց Փոսի թատրոնը։
Դերասաններից մեկն էլ հիշեց, որ Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանը, ով այս թատրոնից էր, երբ դեպուտատ դարձավ, հիմա գտնում է, որ հինգ թատրոնն էլ երկրին բավարար է։