Բացել լրահոսը Փակել լրահոսը
217799354_214468137263612_8683072896215393169_n
A A
Մարզեր Հասարակություն

Մաթեմատիկան ու ծրագրավորումը  հասանելի կլինեն գյուղաբնակ երեխաներին՝ շնորհիվ «Մաթեմիկ» ամառային դպրոցի

Մինչ ուսումնական տարվա մեկնարկը լոռեցի գյուղաբնակ դպրոցականները հնարավորություն ունեն անվճար խորացնելու իմացությունը մաթեմատիկա և ծրագրավորում (Scratch) առարկաներից: Նախաձեռնությունը վանաձորաբնակ, մաթեմատիկայի երիտասարդ ուսուցիչ Տիգրան Առուշանյանինն է: Մանկավարժի կարիերան սկսել է 5 տարի առաջ՝ սահմանապահ ու հեռավոր գյուղերից՝ Գեղարքունիքի մարզի Վահան, ապա Լոռու մարզի Բլագոդարնոյե, Մեղվահովիտ գյուղերում:

Առաջիկայում կաշխատի Ամրակիցի միջնակարգում /Լոռու մարզ/: Գյուղերի դպրոցներում աշխատելիս է բացահայտել, որ մաթեմատիկայից երեխաների գիտելիքները  տխուր են  ու ձեռնարկել է ամառային դպրոց: Նախաձեռնությունը կոչել է «Մաթեմիկ» ու սկսել համախոհների որոնումները:    

« Ուսուցչի համար շատ կարևոր է մոտիվացիան: Մի քանի օր առաջ զգացի, որ մոտիվացիաս անկում է ապրում, մի տեսակ թևաթափ եղած էի, տրամադրությունս ընկած, պահի տակ մտածեցի՝ ինչ անել, ու որոշեցի գնալ Վահան գյուղ: Ավտոմեքենայից իջա, երեխաները /խմբ. նախկին աշակերտների մասին է խոսքը/ վազելով եկան փաթաթվեցին, սկսեցինք քայլել գյուղում: Բոլորը մեծացել, փոխվել էին, ու էն էներգիան, որ փոխանցեցին, բավարար էր ինձ ուժ տալու և մոտիվացիաս կրկնապատկելու»,- անկեղծանում է Տիգրանը։

  Նրա այս նախաձեռնությունը շատ արագ աջակիցներ է գտել: Արտերկրում բնակվող բազմաթիվ հայեր պատրաստակամություն են հայտնել հովանավորել գյուղաբնակ երեխաների ծախսերը:

«Պատերազմից հետո բոլորս էինք սթրեսային վիճակում: Բայց ես իմ մեջ ուժ գտա ու ասեցի՝ չէ, չպետք է նստել և տխրել, թե ինչու՞ այսպես եղավ, այլ մի քանի անգամ ավելացնել աշխատանքը նոր սերնդի հետ: Որոշեցինք, որ պետք է օգտագործել ամառային արձակուրդներն ինչ-որ բան փոխելու համար ու ընտրեցինք մաթեմատիկայի ոլորտը»,- ասում է Տիգրան Առուշանյանը:

Գաղափարը դուր է եկել  «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանին, ով բազմաթիվ ծրագրեր է կյանքի կոչել Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում և ցանկություն հայտնել աջակցելու:

«Ֆեյսբուք»-ի միջոցով ֆոնդհայթհայթում են արել, նորոգել «Մաթեմիկ»-ի տարածքը, ուր ամեն անկյուն շնչում է մաթեմատիկայով: Տիգրան Առուշանյանն առանձնակի դրվատանքով է խոսում Գոհար Շահինյանի մասին, ով տեղեկանալով նախաձեռնության մասին անմիջապես պատրաստակամություն է հայտնել աջակցելու: Սահմանամերձ Կոթիից է Գոհարը: Նա իր վրա է վերցրել 10 երեխայի ծախսերի հովանավորումը:

Ամառային դպրոցը ոչ միայն կնպաստի գյուղական երեխաների շրջանում մաթեմատիկա և ծրագրավորում առարկաների իմացության ակադեմիական աճին, այլև քննադատական մտածողության ձևավորմանը, մաթեմատիկան կդարձնի ավելի հանրամատչելի: Տիգրանը ցավալի է համարում, որ բազմաթիվ գյուղեր այսօր չունեն մաթեմատիկայի ուսուցիչ, առարկան դասավանդում է ոչ մասնագետը: Չի ժխտում՝ գյուղական համայնքներից երեխաների հավաքագրման ընթացքում նաև հրաշալի ուսուցիչներ են բացահայտել գյուղերի դպրոցներում: Ուրախալի փաստ են արձանագրել․ ամառային դպրոցում շատ են տղամարդ ուսուցիչները, ինչն արդեն ճոխություն է կրթության համակարգում:

«Մենք մեղադրում ենք կառավարությանը, իշխանավորին, պատգամավորին, փողոցում աղբ թափողին: Իր գործը լավ չանողին այնքա՜ն լավ ենք տեսնում, բայց մենք մեր չարածը երբեք չենք տեսնում: Աստվածահաճո գործ եք անումՏղամարդաթափ դպրոցը ձեզնով լցնում եք»,- նկատում է Տիգրան Առուշանյանի հայոց լեզվի ուսուցչուհի Մարիետա Սարգսյանը:

Մաթեմատիկայի ուսուցչուհի Զարիկ Թարխանյանն էլ, ողջունելով «Մաթեմիկ»-ի ծնունդը, նկատում է. «Շատ հաճելի է, որ գյուղի երեխաների հետ եք աշխատանք տանում, որովհետև միշտ մայրաքաղաքում ռայոնի մարդկանց ուրիշ ձևով են նայում, մոռանալով, որ այնտեղ նստած պատգամավորների, նախարարների մեծ մասը, Ամենայն Հայոց բանաստեղծն ու մյուսները մարզերից են»: Առաջարկում է կամավորագրվել ու հետաքրքրաշարժ մաթեմատիկայի դասեր անցկացնել երեխաների համար:  

Մաթեմատիկայի ուսուցիչ Դավիթ Դարբինյանը համագործակցություն է առաջարկում, որին միանում է Մասնակցային հիմնադրամի անդամ Վանաձորի թիվ 20 դպրոցի տնօրեն Կարինե Մարգարյանը:

  «Մենք պիտի պետության վրա հույս չդնենք: Ես տեսնում եմ, որ պետության քայլերը հակառակն են գնում: Գիտեմ, որ նոր ծրագրերով մաթեմատիկայի թեմա են ավելացնելու: Դա ինչ է նշանակում: Եթե որևէ թեմա չեն հանում ու ավելացնում են, դա միայն մի բան է նշանակում՝ որքան հնարավոր է շուտ հիասթափվի երեխան: Մենք ինքներս պիտի նախաձեռնենք: Էս երեխաներն են մեր երկիրը, մեր առաքելությունն այն է, իրենց բերենք մի վիճակի, որ փոխեն երկիրը»,- ասում է Դավիթ Դարբինյանը:

6-շաբաթյա դասընթացների ընթացքում երեխաները կուսումնասիրեն ծրագրավորման մի շարք լեզուներ, ձեռք կբերեն թիմում աշխատելու և հաղորդակցման հմտություններ, կունենան ֆիլմի դիտումներ, ոլորտային քննարկումներ, ճանաչողական այցեր Լոռու մարզի պատմամշակութային վայրեր ու հանդիպումներ մաթեմատիկայի ու ծրագրավորման ոլորտում հաջողության հասած անձանց հետ, ինչպես նաև այցելություն Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն:

«Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին ղեկավար Սմբատ Գոգյանն է համաձայնություն հայտնել մեզ մոտ գալուծրագրավորող Ռուբեն Մեսչյանը, ով ոլորտում լավագույններից է, և շատ այլոք»,-ասում է  Տիգրանը։

 6 շաբաթ տևողությամբ դպրոցում դասերը կանցկացվեն շաբաթական 6 օր՝  2 խմբով՝ մեծերի ու փոքրերի համար՝ յուրաքանչյուրը՝ 3-ական օր: Ընտրված երեխաները Լոռու մարզի Բազում, Արջուտ, Գարգառ, Ամրակից, Գյուլագարակ, Կուրթան, Սարատովկա, Մեղվահովիտ, Բլագոդարնոյե և Կաթնառատ գյուղերից են: