Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԽ նախագահ Շառլ Միշելին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի կարևոր գործընկերներից է, որի հետ համագործակցության խորացումը կարևոր էական ունի մեր երկրի զարգացման համար։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և խոսելով այցի նպատակների մասին՝ Շառլ Միշելը նշել է, որ Եվրոպական միությունը ցանկանում է առավել սերտացել փոխգործակցությունը Հայաստանի հետ, աջակցություն ցուցաբերել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ու երկարատև զարգացմանը:

Նախագահ Սարգսյանն ու Եվրոպական խորհրդի նախագահն անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Երկուստեք կարևորվել է բոլոր գերիների վերադարձի ապահովման խնդիրը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ գերիների վերադարձի հարցը Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի և ցավով է արձանագրել, որ պատերազմից ամիսներ անց Ադրբեջանը չի ցանկանում խնդրին վերջնական լուծում տալ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերը՝ հակամարտության ամբողջական ու լիարժեք կարգավորման գործում:

Հանդիպմանն արծարծվել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, Եվրոպական միության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությանը, Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը վերաբերող հարցեր: Կարևորվել է Եվրոպական միության դերը երկրի հզորացմանն աջակցելու հարցում և այդ ուղղությամբ համատեղ ջանքերի իրականացումը։

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ պատերազմում ցավալի կորուստներից հետո Հայաստանի համար կարևոր է կենտրոնանալ երկրի ապագա զարգացումն ապահովող ուղղությունների վրա, որոնցից մեկը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումն է: Այս համատեքստում նա կարևորել է սահմանադրական փոփոխությունների իրականացումը, ինչը հնարավորություն կտա ունենալ հավասարակշռված սահմանադրություն, ինչպես նաև երկրի զարգացման համար օգտագործել ողջ սփյուռքի ներուժը: Նախագահն առանձնացրել է նաև մարդակային կապիտալի և բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտները՝ ընդգծելով, որ արդյունավետ կրթական համակարգի ստեղծումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացը մեծ նշանակություն են ունենալու Հայաստանի ապագայի համար: