Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը Արմեն Սարգսյանի նկատմամբ ունի կոմպրոմատ․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)

Սահմանադրական դատարանում շարունակում են քննել ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերի դիմումները: Այսօր ուժերի ներկայացուցիչները հանդես էին գալիս եզրափակիչ ելույթներով:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը կարծում է, որ Բարձր դատարանը միակն է, որ կարող է բացահայտել այս ընտրությունների ամբողջ կոնտեքստը:

«Մենք մեր դիմումում ներկայացրել էինք, որ այս ընտրությունների շղթան սկիզբ էր առել մարտ ամսից` հանրապետության նախագահի լիազորությունը վարչապետի կողմից իրացնելու միջոցով: Նշվածը սույն քննության ընթացքում չհերքվեց: Դիմումում առավել քան հստակ ներկայացրինք վարչական ռեսուրսի խնդիրը, որն առհասարակ խաթարել էր հավասարության սկզբունքն այս ընտրություններում: Ինչո՞ւ որոշեց վարչապետը հրաժարական տալով հանդերձ շարունակել պաշտոնավարել. դրա պատասխանը մեկն է` հենց վարչական ռեսուրսի չարաշահումը», - ասաց Արամ Վարդևանյանը:

Վարդևանյանը մեկ անգամ ևս հիշեցրեց ու ներկայացրեց, թե ինչ կետերի էին անդրադարձել իրենց դիմումում, որոնցից էին ատելության խոսքը, քվարկության օրը իրավապահ մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը, ընտրախախտումներն ու դրանց բացահայտումը և այլն:

«Վերջին երեք տարիները ՀՀ-ում մեկ ուժի կամքի, պարտադրանքի, թելադրանքի տարիներն են եղել: ՀՀ Սահմանադրությունը միապետություն ստեղծելու մաին չէ, այն երբեք չի եղել դրա մասին, մեր անկախության հռչակագիրը չի եղել դրա մասին: Ժողովրդավարության սկզբունքը թե վերջին երեք տարիներին, թե հիմա ոչ թե վտանգված են, այլ տապալված: Բարձր դատարանը կարող է այս իրավիճակը վերականգնել», - ասաց Վարդևանյանը:

«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանն իր ելույթը սկսեց աստվածաշնչյան ոսկե կանոնով` այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց. «Տիեզերական փոխադարձության այս օրենքը յուրաքանչյուրս մեր մասնավոր կյանքում տեսել ենք: Նախկին իշխանությունն այսօր ընդդիմություն է, նախկին ընդդիմությունը` իշխանություն. արդյո՞ք այս օրենքի պատվիրանը խորությամբ գիտակցո՞ւմ ենք»:

Նա նույնպես անդրադարձավ այն հանգամանքին, որ հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում էր պաշտոնավարել. «Պատկերացնենք, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացնելուց հետո շարունակեր պաշտոնավարել որպես վարչապետի պաշտոնակատար և ինքը կազմակերպեր ամբողջ ընտրական գործընթացը, արդյողք ժողովրդական ճնշումը կթուլանար: Հրաժարականը հենց ժողովրդի ճնշման արդյունքում անձի մեկուսացումն է այդ պաշտոնից»:

ՍԴ-ն մերժել էր «Զարթոնքի» ներկայացրած միջնորդությունները և, ըստ Զոհրաբյանի, հնարավորություն չէր տվել տեղեկանալ հանրային ծառայողների, զինծառայողների մասնակցության քանակը: Տեղեկություն չէին ունեցել նաև հոսանքազրկված ընտրատեղամասերի քանակի մասին:

«Պատահական չէր, որ մենք վկայակոչել էինք նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Նիկոլ Փաշինյանի նախանշած օրը ընտրությունը նշանակելը: Նախագահ Արմեն Սարգսյանը, որին ընտրել է նախորդ իշխանությունը, հիմա նախկի՞ն է, թե՞ նախկին չէ: Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը նրա նկատմամբ ունի կոմպրոմատ, այնպիսի լծակ, որի միջոցով նա զրկված է ՀՀ նախագահի լիազորություններն իրականացնելու հնարավորությունից», - ասաց նա:

Արա Զոհրաբյանն ընդգծեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքն ու նշեց, ներկայիս իշխանությունները, որոնք մինչև 2018թ. ընդդիմություն էին, համարում էին, որ մինչ հեղափոխությունը ընտրախախտումներ, ընտրակեղծիքներ են տեղի ունեցել. «Ինչպե՞ս է ստացվել, որ այդ անփոփոխ պատասխանատու մարմինը` ԿԸՀ-ն, դա թույլ է տվել, իսկ այսօր պետք է օրինապահ մարմին դառնար: Առաջինը՝ կա՛մ այսօր իշխող ուժը նախկինում մեզ խաբել է, որ այս օրինապահ, լավ, պուպուշ կառույցը ընտրախախտումներ չկանխող կառույց է, կա՛մ էլ այսօր այս մարմնի ծառայությունները պետք են իշխող ուժին»: