Փաշինյանը հրաժարականից հետո չէր կարող պաշտոնավարել ԺՊ-ի կարգավիճակով․ Դավիթ Հարությունյան
Աջակցիր «Ա1+»-ին«Պատիվ ունեմ» դաշինքը շարունակում է պնդել՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակով չէր կարող շարունակել պաշտոնավարումը՝ վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո:
«Այն, որ վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելն էապես տարբերվում է ողջ կառավարության հրաժարական ներկայացնելուց, իմ կարծիքով, ակներև է: Բազմաթիվ են օրինակներն այլ երկրներում՝ հենց նույն մոդելի: Կարող է լինել 1-2 երկիր, երբ հակառակ մոդելն է, երբ վարչապետը հրաժարական է տալիս, սակայն շարունակում է իր պարտականությունները կատարել: Երկրների գերակշիռ մասը գնում է այլ ճանապարհով»,-ասաց Դավիթ Հարությունյանը:
Նա նկարագրեց իրավիճակները, երբ վարչապետը հրաժարական է տալիս: «Երբ իր գործունեության ընթացքում երկիրը կրում է վիթխարի կորուստ կամ տեղի է ունենում մի այնպիսի երևույթ երկրում, որը խոսում է այն մասին, որ այդ անձն այլևս չի կարող ղեկավարել գործադիր իշխանությունը, ինքը հրաժարական է տալիս: Այսինքն՝ հրաժարական տալու ինստիտուտը բառացի նույնն է նշանակում ՝ ես հրաժարվեցի այս պաշտոնից»,-ասաց Հարությունյանն ու հավելեց, որ ԺՊ-ի կարգավիճակով պաշտոնավորումը շարունակելն այդ դեպքում Սահմանադրությամբ պաշտպանվող արժեք չէ: