Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մենք ունենք պաշտոնյաներ, որոնք իրենց հայտարարություններով նվերներ են մատուցում Ադրբեջանին (տեսանյութ)

Մենք ունենք պաշտոնյաներ, որոնք իրենց հայտարարություններով նվերներ են մատուցում Ադրբեջանական իշխանություններին։ Այս մասին ասուլիսում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ հուլիսի 5-ին Գեղարքունիքի մարզում փոխհրաձգություն էր տեղի ունեցել և ՀՀ ՊՆ-ն հաստատել էր այդ լուրը, նա նշեց, որ ճիշտ հայտարարություն էր և կարևոր է, որ փաստերը հաստատի ՊՆ-ն։

«Մենք կատարեցինք փաստահավաք աշխատանքներ և պարզեցինք, որ այդ կրակոցները եղել էին այն վայրում, որտեղ ադրբեջանական զինծառայողները ՀՀ ինքնիշխան տարածքում են։ Նաև հաստատեցինք այն փաստը, որ քաղաքացիական բնակչությունը նույնպես նշել էր, որ կրակոցներ են եղել», - ասաց Թաթոյանը։

Լրատվամիջոցներից մեկը, նրա կարծիքով՝ գուցե ուղղորդված, հարցեր է տվել Վերին Շորժայի վարչական շրջանի ղեկավարին, որոնցից մեկն էր՝ իսկ ադրբեջանցիները խոչընդոտո՞ւմ են գյուղացիների բնականոն կյանքին, որին ղեկավարը պատասխանում է՝ չէ, ինչ խոչընդոտել, գյուղացիներն սկի էդ կողմը չեն գնում․

«Ինչպես կարելի է նման բան ասել, երբ ես ինքս եմ այդ վայրում եղել․ ադրբեջանցի զինվորականները նստած են հենց այն վայրերում, որտեղ մեր արոտավայրերն են և որտեղ գյուղացիները չեն կարողանում օգտվել այդ արոտավայրերից, իրենց անասնագոմերից, ու վարչական շրջանի ղեկավարը հայտարարում է՝ ինչ խոչընդոտել»։

Երբ նման հայտարարություն է անում վարչական շրջանի ղեկավարը, Թաթոյանի խոսքով, ինքը որքան էլ միջազգային ատյաններում ներկայացնի, որ ադրբեջանական զինծառայողները խախտում են մեր քաղաքացիների իրավունքները, կբերեն այդ մարդկանց հայտարարություններն ու կասեն՝ ոչ մի խնդիր էլ չունեն ձեր գյուղացիները։