Ինչպես են գորիսեցիները բուրդը գզում, մանում և կարպետ գործում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄեկ գորգը գործելու համար գորիսեցի կանայք մի ամիս թել են մանում. 15 կգ մանելը հեշտ չէ։ Բայց նախ ոչխարի նոր խուզած բուրդը պետք է լվանալ ու մշակել, գզել ու հանել բրդի կեղտոտ մասը։ Գորիսի կանանց զարգացման ռեսուրս կենտրոն-հիմնադրամի աշխատակից Ալվարդ Շալունցը երկար տարիներ է՝ բուրդ է մանում, ասում է՝ բարդ գործ է, շատ նրբություններ ունի.
«Ինչքան փափուկ ես մանում, գորգդ գեղեցիկ է ստացվում։ Օրինակ՝ կարպետի համար մի քիչ բարակ ենք մանում, որ ավելի նուրբ ստանանք, գորգի համար փափուկ ենք մանում։ Գորգը, որ հատակին ես գցում, ոտքդ դնում ես վրան, զգում ես փափկությունը», - ասում է Ալվարդ Շալունցը։
Թելը մանելուց հետո կենտրոնի աշխատակից Տաթեւիկ Հայրապետյանի հմուտ ձեռքերում շալ է դառնում, որը պահանջված ու սիրված է առաջին հերթին զբոսաշրջիկների կողմից։ Ասում է՝ բնական թելերն ու արհեստական ներկերի բացակայությունը մեծ ու գրավիչ առավելություններ են։
Ոչխարի բրդի բնական թելերից պատրաստված ծածկոցների, գորգերի, կարպետների, գուլպաների ու բարձերի պահանջարկը մեծ է այստեղ ու դրսում։ Արցախցի ու գորիսեցի կանայք ամեն ինչ անում են իրենց ձեռքերով ու գորգագործության մշակույթը հիմա էլ փոխանցում են աշակերտներին։