Բացել լրահոսը Փակել լրահոսը
առուշանյան
A A
Քաղաքականություն

Գորիսի համայնքապետի դեմ հարուցված գործով 70 տուժող կա

Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար  Առուշ Առուշանյանի գործն ուղարկվել է դատարան։  Դատավոր Նապոլեոն Ազիզյանը գործով առաջին նիստը նշանակել է հուլիսի 14-ին։  

 Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,  որ պաշտոնական դիրքն օգտագործելով զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ և առանց պայմանագրի ընդերքի օգտագործմամբ, որն էական վնաս է պատճառել Գորիս համայնքի և հասարակության օրինական շահերին, շրջակա միջավայրին և ընդերքում պարփակված օգտակար հանածոներին, առանձնապես խոշոր վնաս՝ անձանց և պետությանը:

Բացի այդ, Առուշ Առուշանյանը մեղադրվում է  2020 թվականի օգոստոսի 28-ին իր ընկերների՝ Էրիկ Արթուրի Աղաջանյանի եւ Հարութ Սամվելի Լալազարյանի հետ՝ խմբի կազմում, խուլիգանական դրդումներով Արթուր Վահրամի Գյուրջյանի առողջությանը դիտավորությամբ  կյանքի համար ոչ վտանգավոր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ: Միջադեպը կապված է Առուշ Առուշանյանի մեքենան շրջանցելու հետ։

Առուշ Առուշանյանի վերոգրյալ գործողությունների հետեւանքով Արթուր Գյուրջյանը ստացել է գլխուղեղի ցնցումով ուղեկցված գանգուղեղային փակ վնասվածքի, քթոսկրերի փակ կոտրվածքի, ձախ աչքի այտուցի և սալջարդի, ստորին շրթունքի ձախ կեսի ներսային մակերեսի սալջարդ վերքի, կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի քերծվածքի ձեւով արտահայտված մարմնական վնասվածքներ, որոնք վերջինիս առողջությանը պատճառել են միջին ծանրության վնաս:

   Ամբաստանյալի աթոռին են նաեւ  Հարութ Լալազարյանը, Էրիկ Աղաջանյանը եւ Սամվել Դինունցը։  Այս գործով 70 տուժող կա։

Հիշեցնենք, որ  Քննչական կոմիտեն այսօր տեղեկացրել է, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Գորիսի համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: