Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

ՀՀ Նախագահին որպես վկա հրավիրեք․ ուզում եմ նրանից լսեմ, որ իր վրա ճնշում չի եղել․ Հրայր Թովմասյան (տեսանյութ)

Սահմանադրական դատարանում շարունակում է քննվել ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերի դիմումները։

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը միջնորդություններ ներկայացրեց, դրանք պայմանավորված են այն հանգամանքով, որ դիմումատուներն իրենց դիմումներում մատնանշել են որոշակի փաստական հանգամանքներ, որոնց պատասխանողները և հարակից պատասխանողները չեն կարող պատասխանել, որովհետև դուրս է իրենց իրավասություններից։

«Առաջինը վերաբերում է ՀՀ նախագահին, թե ինչ պարագայում և պայմաններում է որոշել ընտրության օրը նշանակել հունիսի 20-ին, այդ հարցի պատասխանը ներկաները չեն կարող տալ, բայց երեք դիմումներում այդ հարցը բարձրացված է։ Ես միջնորդում եմ սույն գործով որպես վկա հրավիրել ՀՀ նախագահին, որ այս հարցերի պատասխանները տա», - ասաց Հրայր Թովմասյանը։

Երկրորդը վերաբերում էր մարդու իրավունքների խախտումներին և Թովմասյանը նույն հիմքերով միջնորդեց, որ Մարդու իրավունքների պաշտպանից պահանջեն ներկայացնել 2021թ․ ընտրական գործընթացներին մարդու իրավունքների խախտումների առնչությամբ տեղեկատվություն, այդ թվում՝ եթե կան զեկույց, հաղորդումներ կամ այլ նյութեր։

«Եթե սահմանված ժամկետում այդ տեղեկատվությունը ներկայացնելն անհնարին լինի, ես միջնորդելու եմ ՄԻՊ-ին որպես վկա ներգրավել սույն գործով, որովհետև կան հարցեր նաև նրան», - ասաց նա։

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումներ ՍԴ ներկայացրել էին «Հայաստան» դաշինքը, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը, «Հայոց հայրենիք» կուսակցությունը և «Պատիվ ունեմ» դաշինքը։