Բացել լրահոսը Փակել լրահոսը
afca4921-bf55-4250-9a10-26fc78890562_cx0_cy3_cw0_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Հայաստանը ներառվել է մասամբ կենսունակ կայուն տեղեկատվական համակարգ ունեցող երկրների խմբում. IREX հետազոտություն

Ամերիկայի Ձայն

Ամերիկյան IREX հաստատությունը հրապարակել է Vibrant Information Barometer հետազոտությունը, ուր ավելի քան մեկ տասնյակ երկրների հետ մեկտեղ անդրադարձել է նաև Հայաստանի լրատվական դաշտին

Անցած տարվա ընթացքում Հայաստանում արձանագրված երկու հիմնական զարգացումները՝ COVID-19-ը և ղարաբաղյան պատերազմը, իրենց ազդեցություննեն ունեցել լրատվական դաշտի և մամուլի ազատություն վրա, ասված է IREX ամերիկյան հաստատության եվրասիական տարածաշրջանի մի շարք երկրների՝ լրատվական դաշտի ու տեղեկատվական քաղաքականության մասին զեկույցում:

Այն հիմնված է IREX-ի առաջ քաշած Vibrant Information Barometer (VIBE)՝ Կենսունակ տեղեկատվության բարոմետր հետազոտության հիման վրա, որն իրենից ներկայացնում է տարեկան ուսումնասիրություն եվրասիական երկրներում տեղեկատվության տրամադրման, տարածման, սպառվման և օգտագործման մասին: Հետազոտությունը կազմված է տեղական առաջատար լրատվամիջոցների մի խումբ լրագրողների, խմբագիրների և մեդիա ոլորտի մասնագետների գնահատականների հիման վրա:

Հետազոտվող երկրի վերջնական միջին ցուցանիշը ձևավորվում է չորս հիմնական ոլորտների ուսումնասիրությունից, որոնք ներառում են տեղեկատվության որակի, տարածման խողովակների, սպառման ու ներգրավվածության, վարքագծի վրա տեղեկատվության ազդեցության չափորոշիչները: Այս ցուցանիշների հետազոտման արդյունքում երկրները բաժանվել են չորս պայմանական խմբերի՝ անկենսունակ/ձախողված տեղեկատվական համակարգ (0-10 միավոր), ոչ զգալի չափով կենսունակ /թույլ տեղեկատվական համակարգ (11-20), մասամբ կենսունակ / կայուն տեղեկատվական համակարգ (21-30) և խիստ աշխույժ / զարգացած տեղեկատվական համակարգ (31-40):

Հայաստանը, ըստ զեկույցի, ստացել է ընդհանուր 23 միավոր և իր տեղը զբաղեցրել մասամբ կենսունակ կամ կայուն տեղեկատվական համակարգ ունեցող երկրների խմբում, ուր բացի Հայաստանից ընդգրկված են նաև Մոնտենեգրոն, Հյուսիսային Մակեդոնիան, Ալբանիան, Ուկրաինան, Մոլդովան և Կոսովոն: Վերջինս ունի խմբի ամենաբարձր ցուցանիշը՝ 24 միավոր, որին հաջորդում են 23 միավոր ունեցող Հայաստանն ու Մոլդովան: Նրանց հաջոդում են 22 միավորով Ալբանիան և Ուկրաինան, իսկ վերջին տեղում են 21 միավորով Հյուսիսային Մակեդոնիան ու Մոնռտենեգրոն:

Հայաստանի զեկույցի շուրջ բանախոսները համակարծիք են, որ հաշվետու տարին հագեցած էր ապատեղեկատվությամբ ու ատելության հռետորաբանությամբ: Անցած տարի Հայաստանում մեծ էր նաև հանրային բևեռացումը, հատկապես նոյեմբերի զինադադարի կնքումից հետո: Չնայած բանախոսները համաձայն են, որ ընդհանուր առմամբ ազատ խոսքը մեծ կորուստներ չի կրել անցած տարում, COVID 19- ի հետ կապված իրադրությունը մեծ փորձություն էր ՀՀ իշխանությունների համար մամուլի ազատության հարցում:

Ըստ զեկույցի՝ Հայաստանը հետազոտվող չորս հիմնական ասպարեզներից լավագույն արդյունք է գրանցել տեղեկատվության տարածման ցուցանիշում՝ ստանալով 28 միավոր: Ընդհանուր առմամբ, ըստ զեկույցի, տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները Հայաստանում համարժեք են երկրի ներկայիս կարիքներին, իսկ տեղեկատվություն ստանալու օրենսդրությունը հիմնականում համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Լրատվամիջոցներն ավելի ու ավելի շատ են օգտվում իրենց իրավունքներիից, նշված է զեկույցում: Սակայն զեկույցն ընդգծում է նաև, որ լրատվամիջոցների սեփականության, դրանց թափանցիկության և խմբագրական քաղաքականության վրա ազդեցության ոլորտներում չի արձանագրվել որևէ բարելավում:

Ուսումնասիրության ենթարկված մնացած պետություններն ընդգրկվել են ոչ զգալի չափով կենսունակ կամ թույլ տեղեկատվական համակարգ ունեցող երկրների շարքում, որոնց թվում են Ադրբեջանը, Բելառուսը, Սերբիան, Ռուսաստանը, Բոսնիա Հերցեգովինան և Վրաստանը: Վերջինս 19 միավորով խմբի առաջատարն է, որին հաջորդում են Բոսնիա Հերցեգովինան՝ 18 միավորով, այնուհետև ՌԴ, Սերբիան, Բելառուսը՝ 15 միավորով: Ադրբեջանը 11 միավորով խմբի վերջին տեղում է: