Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք գիտենք, որ լավ մտքեր, գաղափարներ կան. Նիկոլ Փաշինյանը` Մհեր Տերտերյանին (տեսանյութ)

Արտախորհրդարանական քաղաքական մի շարք ուժերի հետ քննարկումների շրջանակում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանին:

Նիկոլ Փաշինյան - «Հարգելի պարոն Տերտերյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու կապակցությամբ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու համար: «Միասնական հայրենիք» կուսակցությունը մասնակցել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Միջազգային դիտորդները տեղի ունեցած ընտրությունները որակել են որպես ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող, Հայաստանի Հանրապետության քաղաքացին արտահայտել է իր կամքը: Մենք այս իրադրությունը նաև ընկալում ենք որպես հնարավորություն՝ մեր հանրային և ազգային ներուժը համախմբելու, մեր պետության առաջ ծառացած խնդիրները լուծելու համար և այս համատեքստում կարևորում ենք ինչպես խորհրդարան անցած քաղաքական ուժերի գործունեությունը, այնպես էլ խորհրդարանում տեղ չգտած, այսինքն՝ արտախորհրդարանական ուժերի մասնակցությունը և ներգրավվածությունը: Այս քաղաքական քննարկումների և խորհրդակցությունների նպատակն է՝ լսել քաղաքական ուժերի, այդ թվում՝ Ձեր տեսակետը Հայաստանի քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ և ըստ Ձեզ՝ ի՞նչ կարող ենք անել, որպեսզի փոխադարձաբար կառավարությունը, արտախորհրդարանական ուժերը, Ձեր կուսակցությունը մասնավորապես, լինեն ավելի լսելի, որպեսզի արժեքավոր գաղափարները կարողանանք դնել իրագործման հոսքագծի վրա:

Որովհետև մենք այն տեսակետը չունենք, թե արժեքավոր գաղափարներ ունենում են միայն այն ուժերը, որոնք առավել շատ ձայն են ստացել ընտրություններում: Մենք գիտենք, որ լավ մտքեր, գաղափարներ կան և եթե պատրաստակամ լինեն այդ մտքերն ու գաղափարները կիսվել, պարզաբանել, մանրամասնել, փաստարկներով համոզել՝ մենք իհարկե պատրաստ ենք դրանց իրագործման համար պայմաններ ստեղծել: Այնպես որ այս քննարկումը շատ կարևոր է»:

Մհեր Տերտերյան - «Շնորհակալ եմ հրավերի համար: Այս ընտրական շրջանում մենք նպատակ էինք դրել, որպեսզի հնարավորություն ունենանք և հանրությանը, մեր ազգին ներկայացնենք մեր վաղվա, ապագայի հնարավորություններն ու տեսլականը:

Համարում ենք մեր խնդիրը կատարված, քանի որ դաշտ ենք բերել նոր թեզեր, ուղղություններ՝ առանձին կարևորելով բանակաշինությունը և այդ կոնտեքստում ռազմարդյունաբերությունը որպես ոլորտ: Մենք խոսել ենք այն մասին, թե ինչպես ենք պատկերացնում ապագան՝ տնտեսական զարգացման, գյուղին ուղղված ծրագրերի մասով և առանձին ուշադրություն ենք դարձրել Սփյուռքի հետ ճիշտ ու արդյունավետ աշխատանք կազմակերպելուն:

Ողջունում եմ Ձեր նախաձեռնությունը, որպեսզի կարողանաք ընտրություններից հետո կոնսոլիդացնել քաղաքական ուժերին:

Դա նաև իր հետ կբերի բավականին դրական էֆեկտ, քանի որ մեր ժողովրդի մեջ միասնական լինելու հասկացողությունն էլ ավելի կամրապնդվի: Շատ ողջունելի նախաձեռնություն է, իհարկե, համաձայն եմ Ձեզ հետ, որ աշխատանքային ճանապարհի և մոտեցման կիրառման մասով պետք է չափազանց ճիշտ և նուրբ աշխատանք կատարենք, որպեսզի կոնսոլիդացիան տեղի ունենա: Ես անձամբ 2017 թվականից իմ աշխատանքով ապացուցեցի, որ անկախ քաղաքական հայացքներից՝ պատրաստ եմ լինել մեր կառավարության, մեր պետական իշխանության կողքին, աջակցել իմ գիտելիքներով: Հույս ունեմ, որ այսօր էլ կունենանք հնարավորություն՝ առանձին քննարկելու այդ աշխատանքները»: