Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սերժ Սարգսյան
A A
Քաղաքականություն

Վերջին պահին Ալիևը տասից ավելի փոփոխություններ առաջարկեց․ Սերժ Սարգսյան/ Sputnik Արմենիա

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կազանի նշանավոր գագաթնաժողովից (որտեղ Հայաստանին ու Ադրբեջանին մեկ քայլ էր բաժանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների համաձայնեցումից) 10 տարի անց Sputnik Արմենիային է փոխանցել հեղինակային հոդվածը 2018-ին նախորդած ու հաջորդած իրադարձությունների վերաբերյալ։

 

Ներկայացնում ենք մի հատված

 «Հայաստանը բազմիցս շեշտել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավոր չէ հասնել համապարփակ և երկարաժամկետ կարգավորման: Եվ դա արտացոլվեց Կազանյան փաստաթղթի նախաբանում, որտեղ նշվում էր խաղաղ կարգավորման համաձայնագրի նախագծի նախապատրաստման գործում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության մասին: Մադրիդյան տարբերակում այս դրույթը բացակայում էր:

  Ավելին, եթե 2007-ի նոյեմբերի տեքստում առաջարկվում էր խաղաղ համաձայնագրի մշակման աշխատանքները սկսել երկու երկրների նախագահների կողմից հիմնական սկզբունքները հաստատվելուց անմիջապես հետո, ապա Կազանյան տարբերակում շեշտվում էր, որ խաղաղության համաձայնագրի նախագծի վրա աշխատանքները կսկսվեն բոլոր կողմերի կողմից Հիմնարար սկզբունքների հաստատումից հետո, այսինքն՝ դա ենթադրում էր հաստատում, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի կողմից: Համանախագահները հավատարիմ էին այս մոտեցմանը մինչ 2018-ի ապրիլը:

 Դիվանագիտությունը գործընթաց է, որը չի հանդուրժում սնապարծներին և պոպուլիստներին: Երբ Հայաստանի պոպուլիստ նորառաջնորդը 2018-ի մայիսին, համաժողովրդական աջակցությունից արբեցած, սկսեց հայտարարել, որ չի բանակցելու առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, համանախագահները դա որոշակի տարակուսանքով ընդունեցին: Իսկ այսօր, երբ Ալիևը հայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր գոյություն չունի», Հայաստանի իշխանությունները լռում են՝ բերանները ջուր առած:

 Կազանի փաստաթղթում կատարվել են շուրջ երեք տասնյակ այլ փոփոխություններ: Միանշանակ, այն մեր երազանքների փաստաթուղթը չէր, բայց կարող էր կոնսենսուսային դառնալ թե՛ կողմերի, թե՛ երեք առաջատար տերությունների ՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահների համար:

Կարևոր է շեշտել, որ որպես կարգավորման հիմք պահպանվել են դեռևս Մադրիդում ներկայացված միջազգային իրավունքի երեք սկզբունքները՝ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Առաջ անցնելով՝ ես կցանկանայի այստեղ հատուկ շեշտել, որ 2018թ. դեկտեմբերին՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, նոր իշխանությունները գնացին անհավատալի արկածախնդրության՝ երկրորդ պլան մղելով վերոհիշյալ երեք սկզբունքները և համաձայնելով լուծել հակամարտությունը վերացական «արդարության սկզբունքի» հիմքով, ինչով փաստացի խաչ քաշեցին 2000-ականների սկզբից տարվող ամբողջ դիվանագիտական ​​աշխատանքների վրա և մոտեցրին 2020թ. պատերազմը:

 Կազանի գագաթնաժողովին նախորդող երեք տարիների ընթացքում, ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Լ'Աքվիլայում, Մուսկոկայում և Դովիլում ընդունվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարությունները, ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնգակողմ հայտարարությունը, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երեք հայտարարությունները Մայնդորֆում, Աստրախանում և Սոչիում: Մենք ողջունեցինք այս բոլոր հայտարարությունները և պատրաստակամություն հայտնեցինք շարունակել բանակցությունները կարգավորման շուրջ՝ դրանցում պարունակվող առաջարկությունների հիման վրա: Միջազգային միջնորդների շրջանում որոշակի դրական ակնկալիքներ դրսևորվեցին:

 Ո՞վ ձախողեց Կազանի գագաթնաժողովը

Կազանում գագաթնաժողովն անցկացվեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ, իսկ նախագահներ Բարաք Օբաման և Նիկոլա Սարկոզին օգտագործեցին իրենց ողջ քաղաքական կշիռը՝ զորակցություն հայտնելով գալիք գագաթնաժողովին: Դրանից մեկ ամիս առաջ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարները մայիսի 26-ին Դովիլի գագաթնաժողովում հանդես եկան համատեղ հայտարարությամբ` կոչ անելով Ադրբեջանին և Հայաստանին Կազանի հանդիպմանը «ավարտին հասցնել» կարգավորման հիմնարար սկզբունքների նախագծի մասին համաձայնագիրը, «պատրաստել ժողովուրդներին խաղաղության, ոչ թե պատերազմի», որով միանշանակ զգուշացնում էին Բաքվին (ինչպես նաև Անկարային, որըբացահայտորեն իր կրտսեր դաշնակցին դրդում էր առճակատման): Այստեղ, իհարկե, պետք է հատկապես նշել Դ.Ա.Մեդվեդևի և Ս.Վ. Լավրովի ջանքերը, որոնք առավելագույն հետևողական ջանքեր գործադրեցին` փորձելով կողմերի դիրքորոշումները մերձեցնել, գտնել ընդունելի ձևակերպումներ ։

Կազանում ներկայացված տեքստը գործնականում արդեն համաձայնեցված էր կողմերի միջև, և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հունիսի 20-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին ուղղված նամակում նշում էր, որ, ինչպես պայմանավորված է, առաջիկա հանդիպմանը կողմերը նոր փոփոխություններ չեն առաջադրելու Հիմնարար սկզբունքների տեքստում:

Նախագահ Օբաման հունիսի 23-ին իմ և Ի. Ալիևի հետ հեռախոսազրույցներում, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նույն օրը մեզ ուղարկած գրավոր ուղերձներում մեզ հորդորում էին հավանություն տալ Կազանում ներկայացված փաստաթղթին: Կազանի հանդիպման նախօրեին ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում՝ ես հայտարարեցի, որ Կազանում դրական արդյունքներ կարելի է ակնկալել, եթե Ադրբեջանը նոր փոփոխություններ չառաջարկի:

Չնայած միջազգային հանրության մեծ սպասումներին՝ Կազանի գագաթնաժողովի ժամանակ չհաջողվեց բեկման հասնել, քանի որ վերջին պահին Ի. Ալիևը տասից ավելի փոփոխություններ առաջարկեց՝ հիմնականում արդեն համաձայնեցված տեքստում։ Դա նշանակում էր նախորդ երեք տարիների ինտենսիվ աշխատանքի ձախողում։ Կազանում Ադրբեջանը փաստացի մարտահրավեր նետեց միջազգային հանրությանը։ Միջազգային միջնորդները լրջորեն հիասթափված էին Բաքվի այդօրինակ մոտեցումից և Ալիևից հարցնում էին, թե ինչպես նա կարող է, արդեն որերորդ անգամ, հրաժարվել ձեռք բերված պայմանավորվածություններից։ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը չէր ամրապնդում նրա դիրքերը բանակցային գործընթացում, այլ հակառակը։

Եվ պատահական չէ, որ համանախագահների ու Հայաստանի մոտեցումները ավելի ու ավելի համահունչ էին դառնում, ինչի մասին մենք բազմիցս հայտարարել ենք։ Միջազգային հանրությունն ու Հայաստանը գործնականում սկսել էին խոսել նույն լեզվով. խնդրի բացառապես խաղաղ կարգավորումը՝ հիմնված  Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ու իրացման և նրա անվտանգության երաշխիքների վրա, այլընտրանք չունի»:

Սերժ Սարգսյանի ամբողջական հոդվածն այստեղ