Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ
A A
Հասարակություն

Գարեգին Բ-ն ցավակցագիր է հղել Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ

 Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ուղերձում ասված է.

«Մշտամրմունջ աղոթք և օրհնություն Ջիվան Գասպարյանի բարի հիշատակին

Հայ երաժշտարվեստի երախտավոր, տաղանդաշատ դուդուկահար Ջիվան Գասպարյանը ի Տեր ննջեց ստեղծագործական բուռն գործունեության հարուստ վաստակով, սիրված ու գնահատված մեր ժողովրդի կողմից։ Նա տասնյակ տարիներ Հայաստանի և արտերկրի բազմաթիվ բեմերում ներկայացրեց հայ երաժշտարվեստի գոհարները՝ ծառայելով մեր մշակույթի ճանաչման ու տարածման երախտարժան գործին:

Բարեհիշատակ Ջիվան Գասպարյանի կատարումները լայնորեն օգտագործվել են նաև համաշխարհային կինոարվեստի ասպարեզում մեծ հաջողություններ արձանագրած ֆիլմերում։ Դուդուկի մեծ վարպետը իր ուրույն ձեռագրով ու արվեստագետի ճաշակով արժանացել է հայրենական ու միջազգային բազմաթիվ պարգևների ու մրցանակների, պետական բարձր կոչումների:

Հայցում ենք, որ Ողորմածն Աստված երկնային Իր հանգրվաններում լույսերի ու խաղաղության մեջ ընդունի հանգուցյալ իր ծառայի՝ Ջիվան Գասպարյանի լոյս հոգին և արժանացնի երանավետ հանգստյան»: