Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Եղել են դեպքեր, որ մարդիկ վարակվել են 1-ին դեղաչափով պատվաստվելուց հետո․ ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ (տեսանյութ)

«Sputnik V», «AstraZeneca» և «CoronaVac» պատվաստանյութերով էին պատվաստվում լրագրողներն ու ԶԼՄ մյուս ներկայացուցիչները այսօր ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր» կենտրոնում։ Առողջապահության նախարարության այս ակցիան նպատակ ունի բարձրացնելու քաղաքացիների իրազեկումն ու մեծացնելու պատվաստվողների թիվը

Երեք պատվաստանյութերով էլ պատվաստվում էին լրագրողներն ու նշում, որ վաղ թե ուշ բոլորը ունենալու են պատվաստման կարիքը, ուրեմն որքան շուտ, այնքան լավ և անվտանգ։

Պատվաստվելու մոտիվացիան թեև առաջին հերթին անվտանգությունն է, սակայն կա նաև ազատ ճամփորդելու գործոնը, ասում էին նրանք։

ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն էլ նշեց, որ պատվաստումների համար պարտադրող օրենք չկա, ճամփորդելու համար էլ պարտադրանք չկա։ Կարելի է կա՛մ քովիդի բացասական թեստ ներկայացնել, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ։

Պատվաստումից հետո էլ կան սպասվող ռեակցիաներ, ասում է նա, և դրա մասին պատվաստող բժիշկներն անպայման զգուշացնում են․ «Կարող են որոշների մոտ թեթև, որոշների մոտ բարձր ջերմային ռեկացիաներ լինել, որոնք մոտ 24 ժամ են տևում։ Կարող է կարճատև թուլություն լինել, մկանացավ։ Եթե անձը չի կարողանում դիմանալ, խորհուրդ ենք տալիս ջերմիջեցնողներ և ցավազրկողներ»։

Պատվաստումից հետո էլ, նշեց Գայանե Սահակյանը, անմիջապես պետք չէ դիմակները հանել ու մոռանալ անվտանգության կանոնների մասին, որովհետև եղել են դեպքեր, որ մարդիկ վարակվել են առաջին դեղաչափով պատվաստվելուց հետո․ «Սիսիանի գյուղերից մեկում ունեցել ենք անաֆիլակտիկ ռեակցիա, բայց բժիշկները իրավիճակին տիրապետում են և անմիջապես առաջին օգնություն ցուցաբերվել է և ծանր ընթացք չի ստացել»։

Ճամփորդելու կամ երկրից գնալու պարագայում, եթե կարիք լինի ավելի շուտ ստանալ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը, նրա խոսքով, դա այնքան էլ արդյունավետ չի լինի։

«Անվտանգության առումով դա խնդիր չի կարող առաջացնել, սակայն արդյունավետության առումով իր նպատակին չի ծառայի ու վերջնական արդյունքը հուսադրող չի լինի։ Երկու դեղաչափերի ստացման ժամանակահատվածին խիստ պետք է հետևել», - ասաց Գայանե Սահակյանը։

Անդարադառնալով «Sputnik V»-ի պատվաստման տարիքային շեմը հանելուն, նա նշեց, որ սկզբնական շրջանում շեմ էր դրված, քանի որ սահմանափակ էր պատվաստանյութի քանակն ու առաջին հերթին պետք էր ռիսկային խմբի մարդկանց պատվաստել։ Հետագայում արդեն ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում ավելի շատ խմբաքանակ ձեռք բերվեց ու սահմանափակումների կարիք չկար։

Մեր երկրում այս պահի դրությամբ պատվաստված 3%-ի 6%-ը օտարերկրացիներ են, սակայն նրանց պատվաստման վերաբերյալ փոփոխություններ են սպասվում․ «Եթե մեր բնակչության շրջանում պատվաստման պահանջարկը մեծանա, ապա մեզ մոտ առաջին հերթին կպատվաստվեն մեր քաղաքացիները»։

Օտարերկրյա քաղաքացիներն էլ կպատվաստվեն այն ժամանակ, երբ երկար կմնան Հայաստանում։

Գայանե Սահակյանը նշեց, որ Հայաստանում հիմա արձանագրված չէ կորոնավիրուսի նոր, այսպես կոչված, «դելտա շտամը»։