Բացել լրահոսը Փակել լրահոսը
60db317e76530
A A
Քաղաքականություն

Կայացել է ՀՀ-ԵՄ Հետընդունման համատեղ կոմիտեի 7-րդ նիստը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Հետընդունման համատեղ կոմիտեի հերթական՝ 7-րդ նիստը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարության միգրացիոն ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն՝ նիստը համանախագահում էին ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Եվրոպական հանձնաժողովի Ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության անօրինական միգրացիայի և վերադարձի քաղաքականության բաժանմունքի ռեադմիսիայի բաժնի պետ Ռամոնա Թոդերը։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի աշխատակիցները, ԱԳՆ, ԱԱԾ և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ներկայացուցիչները, իսկ ԵՄ կողմից՝ Ավստրիայի, Բելգիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Նիդերլանդների և Շվեդիայի համապատասխան կառույցների աշխատակիցները, ինչպես նաև՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության և Ֆրոնտեքսի ներկայացուցիչները։

Եվրոպական կողմն իր գոհունակությունն է հայտնել հայկական կողմի գերազանց համագործակցության և ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերի ու առաջընթացի համար։ Ռամոնա Թոդերը նշել է, որ Հայաստանը կարող է լավագույն օրինակ ծառայել վերադարձի և վերաինտեգրման ոլորտում իրականացվող հսկայական աշխատանքի շնորհիվ։

Իր հերթին Արմեն Ղազարյանը ներկայացրել է ոլորտում ընթացիկ զարգացումները՝ նշելով, որ ներկայում միգրացիոն ոլորտում տեղի են ունենում ինստիտուցիոնալ բարեփոխումներ, իսկ միգրացիոն հարցերը կարգավորող հայեցակարգը վերջերս է հաստատվել Կառավարության կողմից, որի  հիմքում ընկած են 3 կարևոր սկզբունքներ՝  համակառավարումը, համագործակցությունը և փաստահենությունը։ Նա նաև անդրադարձլ է ներկայումս իրականացվող պետական վերաինտեգրման աջակցության ծրագրին, Հայաստանից կամավոր վերադարձի և վերաինտեգրման համակարգի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերին։

Կողմերը քննարկել են ռեադմիսիոն վիճակագրությունը, երկկողմ կիրարկման արձանագրությունների կարգավիճակը, ռեադմիսիոն հարցերով աշխատակիցների կարողությունների զարգացման շարունակակության հարցը և համաձանագրի կատարման արդյունավետությունն առավել բարձրացնելուն ուղղված տեխնիկական և բովանդակային այլ հարցեր։